Ճանապարհների արգելափակումը Բաքվի կողմից Երևանի դեմ բազմաշերտ նշանակությամբ քաղաքական ճնշման մեխանիզմ է

Սյունիքի ավտոճանապարհներին Ադրբեջանի իրականացրած քայլերն առաջին հերթին առաջացնում են հումանիտար խնդիրներ՝ զգալիորեն բարդացնելով, անգամ արգելափակելով մարզի առանձին բնակավայրերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը։

Հատկապես մարդասիրական նորմերի, մարդու բնական իրավունքների Բաքվի նպատակային խախտումների ընդգծմամբ դիվանագիտական շեշտադրումները կարող են բավականաչափ հաջող խաղաքարտ դառնալ հակաադրբեջանական միջազգային արշավ իրականացնելու հարցում՝ նաև առանձին երկրներում, միջազգային կազմակերպություններում համապատասխան փաստաթղթերի շրջանառման եղանակով։

Միանշանակ է, որ Սյունիքում ճանապարհների փաստացի արգելափակումը Բաքվի կողմից բացառապես Երևանի դեմ բազմաշերտ նշանակությամբ քաղաքական ճնշման մեխանիզմ է, որը կիրառվում է Հայաստանում ներքաղաքական, տնտեսական, հումանիտար խնդիրներ հրահրելու համար։ Այսինքն, այն ուղղակիորեն միտված չէ Ադրբեջանի համար որևէ կենսական խնդրի լուծման։

Հետևաբար, նաև արտաքին դաշտում ճիշտ շեշտադրումներով Բաքվին թիրախավորելու պարագայում հնարավոր է որոշակի ծավալի միջազգային ճնշում գեներացնել՝ ի պատասխան Ադրբեջանի թշնամական գործողությունների։

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից