Ձեր սնդիկ-փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք. ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը (տեսանյութ)

Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ նիստ, խորհրդի նիստ,  որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք Սնդիկի մասին օրենքի կարևոր օրինագիծը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ, երբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության, և ըստ օրհասական վտանգի: Իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ևս հայտարարեց, որ ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին: