Այդ 4 հենակետերը հիմա դատարկ են, որևէ մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան

Բանակցությունների միջոցով ադրբեջանական զորախումբը, որ առաջ էր եկել, հետ է քաշվել, այդ տարածքներում այն վիճակն է, որ եղել է մի քանի օր առաջ՝ բացառությամբ չորս հենակետերի, որոնք որևէ մեկի կողմից չեն վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, այդ հենակետերը այսօր ուղղակի դիրքերի փոփոխման պատճառով դատարկ են. «Այնտեղ չկան նաև ադրբեջանական զորախմբեր»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք այդ հենակետերը հայկական տարածքներում են, թե դելիմիտացիայի ժամանակ պետք է ճշտվի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ մասին հիմա խոսելը ճիշտ չէ, ակնհայտ է, որ դա մեզ համար հայկական տարածք է: Դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում մենք դա կապացուցենք և այդ ուղղությամբ քայլեր կանենք»:

Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանիները այդ տարածքներից հետ են գնալու. «Հակառակ պարագայում մենք նույնպես որոշ տեղերում կարող ենք հետ չգնալ, որովհետև դեմարկացիան ու դելիմիտացիան վերաբերում է մի քանի երկրի, այն վերաբերում է առնվազն երկու երկրի: Յուրաքանչյուր տրամաբանություն, որ կդրվի այդ բանակցությունների մեջ, կիրառելի է երկու կողմի համար»,-ընդգծեց նա: