Իրանական ԱԹՍ-րը հեշտությամբ կարող են անցնել հակաօդային պաշտպանության ցանկացած համակարգով

Ժամանակ առ ժամանակ գրում էինք, որ իր ռազմարդյունաբերական համալիրի և պաշտպանողական արտադրանքի արտադրության առումով Իրանը աշխարհի այն սակավ երկրներից է, որը գրեթե 90 տոկոսով ինքնաբավ է։ Իրանն ինքն է զենք ու զինամթերք արտադրում, բաղադրամասեր արտադրում և այլն։ Այժմ ամբողջ աշխարհի փորձագետները նշում են, որ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության մեջ Իրանը հասել է ամենաառաջադեմ դիրքերին և շատ հետ չի մնում ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից և Չինաստանից։ Նոյեմբերի 9-ին Իրանի բանակի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին հարցազրույց է տվել «Sobh-e No» թերթին (ֆարսի լեզվով) և շատ հետաքրքիր բաներ պատմել։ Միանգամից ասենք՝ իրանցիների կողմից ամերիկյան անօդաչու սարքերին հասցված վերջին «ապտակի» ֆոնին օգտակար է վերլուծել փոխծովակալ Մուսավիի հայտարարությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի, այլ ողջ աշխարհի համար։

Փոխծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին ընդգծել է Իրանի անօդաչու թռչող սարքերի բարձր հնարավորությունները՝ հայտարարելով, որ ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց։ «Բարեբախտաբար, այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակն ունի անօդաչու թռչող սարքերի շատ լավ հնարավորություններ։ Անօդաչու թռչող սարքերն ունեն շատ ավելի մեծ հեռահարություն, քան հրթիռները, և, հետևաբար, մենք սահմանափակումներ չունենք ավելի հեռավոր թիրախների հասանելիության հարցում, նույնիսկ ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա,- հայտարարել է նա: – Այս անօդաչու թռչող սարքերը հեշտությամբ կարող են թափանցել հակառակորդի պաշտպանիչ շերտերը։ Իրականում մեր անօդաչու թռչող սարքերը զսպող միջոցներ չունեն, այդ թվում՝ սիոնիստական ​​«Երկաթյա գմբեթը», և այդ անօդաչու սարքերը հեշտությամբ կարող են անցնել այդ համակարգերով և խոցել թիրախները»: Փոխ-ծովակալ Մուսավին հաստատել է, որ իրանական բոլոր անօդաչու թռչող սարքերն ամբողջությամբ արտադրվել են իրանցի մասնագետների կողմից՝ հավելելով, որ դրանք մատակարարվել են ռազմաօդային, հակաօդային պաշտպանության, ռազմածովային և ցամաքային ուժերի չորս բանակային ստորաբաժանումներին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին իրանական բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին համապատասխան ելույթում ընդգծել է տարբեր տեսակի անօդաչու սարքերի և հրթիռների մշակման և արտադրության Իրանի կարողությունների զգալի առաջընթացը: «Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հաջող ժամանակաշրջան է ապրել վերջին չորս տարիների ընթացքում՝ չնայած կոշտ պատժամիջոցներին»,- ասել է գեներալ Մուսավին պաշտպանության նախարարին ուղղված ուղերձում։ Նա բարձր է գնահատել Իրանի պաշտպանության նախարարի միջոցառումներն ու աջակցությունը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության գիտնականների անխոնջ ջանքերը և ասել. «Վերջին սպառնալիքների և հիմնարար փոփոխությունների լույսի ներքո ցամաքային, օդային և ռազմածովային պաշտպանության ոլորտներում մարտական ​​հզորության բարձրացումը և անօդաչու սարքերի ու հրթիռների ոլորտում բանակի կարողությունների զգալի բարելավումը ձեռք է բերվել պաշտպանական արդյունաբերության գիտնականների ջանքերի շնորհիվ։ Դա առաջընթացի դրսևորում է, որը հանգեցրել է Իրանի հզորության աճին»։

Վերադառնալով փոխծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավիի հարցազրույցում արված հայտարարություններին՝ հիշեցնենք նաև, որ Իրանի վստահությունը այն բանում, որ իսրայելական հակաօդային/հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը չի փրկի սիոնիստներին, հիմնված է այն բանի վրա, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Պաղեստինի ազատագրման համար պայքարողները բազմիցս ապացուցել են իսրայելական այս համակարգի խոցելիությունը։ Ավելին, նրանք դա ապացուցել են շատ թույլ զենքով` պրիմիտիվ հրթիռներով, ստեղծված արհեստավոր պայմաններում։ Փոխծովակալ Մուսավին իրականում անուղղակիորեն հասկացրել է Իրանի բոլոր թշնամիներին, որ «եթե ինչ-որ բան պատահի», իրանական անօդաչու սարքերի հսկայական քանակությունը կկործանի հակաօդային/հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը՝ և՛ իսրայելական, և՛ ամերիկյան, և՛ թուրքական և՛ պակիստանյան:

Նոյեմբերի 11-ին Թեհրանից մեկ այլ շատ հետաքրքիր հաղորդագրություն եկավ։ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Օզարբոժան նահանգի Սարաբ շրջանի ղեկավար Հասան Յահյավին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկրում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման մի քանի անդամներ։ Նրա խոսքով՝ Սարաբ շրջանի հետախուզական ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել են «մի քանի մարդկանց՝ կապված ահաբեկչական խմբավորման հետ, որը կապված է թշնամական երկրների լրտեսական կազմակերպությունների հետ»։ Պաշտոնյան չի հայտնել դեպքի մանրամասները։ Ավելացնենք՝ Սարաբի շրջանը գտնվում է Թավրիզից 150 կմ հյուսիս՝ Արևելյան Օզարբոջան նահանգում, Իրանի հյուսիս-արևմուտքում։ Սա Թուրքիայի կամ Իրաքի հետ Իրանի սահմանը չէ, դա հենց «կովկասի-թաթարստանի» սահմանն է, այն խանության հետ, որտեղ իշխում է քուրդ Իլհամ Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմը։ Հետաքրքիր է, արդյո՞ք այս տարածքի պանթուրքիստները այժմ «չեն անհանգստանում»՝ իմանալով, որ ուղարկված ահաբեկիչները ձերբակալված են։

Սերգեյ Շաքարյանց