ՀՀ մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։

ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են։

Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։

Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։

Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։