Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը վերաբացվել է
ԱՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական միջադեպի պատճառով փակված Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:
«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- գրել է ԱՀ ոստիկանությունը:
Ավելի վաղ Times.am-ը հրապարակում էր արել՝ մանրամասներ հայտնելով միջադեպից։ Մասնավորապես գրված էր․ «Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ մեր տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր»։