Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում բացվեցին ժամանակակից ինժեներական լաբորատորիաներ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեցին ժամանակակից ինժեներական լաբորատորիաներ։ Բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, կրթական ոլորի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին և միջազգային կառույցի ներկայացուցիչներին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում նմանօրինակ լաբորատորի հիմնելուն էական աջակցություն ցուցաբերելու համար և միաժամանակ ընդգծեց, որ նորաստեղծ հիմնարար ինժեներական,  տեղեկատվական տեխնոլոգիաների և ռոբոտաշինության լաբորատորիաների միջոցով հնարավոր է իրականացնել որակյալ կրթություն, ստեղծել գիտահետազոտական միջավայր և մարզում արդյունավետ իրականացնել ինժեներական կրթության քաղաքականությունը: Ռեկտորն իր խոսքում անդրադարձավ նաև լաբորատորիաների դերին, իբրև դպրոցահասակ երիտասարդների համար մասնագիտական կողմնորոշման, ստարտափ գաղափարների իրականացման լավագույն էկո միջավայր ու հնարավորություն, որի միջոցով շատ երիտասարդներ իրենց մասնագիտական գործունեությունը կարող են տեսնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, վաստակել մեծ գումարներ և շարունակել ապրել սեփական տարածաշրջանում այն զարգացնելու և շենացնելու նպատակով:

«Կապանի համակարգչային լաբորատորիա»-ն կյանքի է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հովանու ներքո՝ միջազգային գործընկերների և «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի աջակցությամբ, որի համար ներդրվել է, ընդհանուր առմամբ մոտ 55 միլիոն ՀՀ դրամ:

Տեխնոլոգիական կենտրոնը նպաստելու է ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքների խորացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճարտարագիտական կրթության նկատմամբ մոտիվացիայի խթանմանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների ինժեներական կարողությունների և ծրագրավորման հմտությունների զարգացմանը և մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապագա ինժեներական կադրերի պատրաստմանը: