Երեք աշխատակցի անունից հայց է ներկայացվել գործատուի դեմ

«Ազատ կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտնում է, որ երեք աշխատակցի անունից հայց է ներկայացվել գործատուի դեմ։ Հայտարարությունում ասված է․

«Այս շաբաթվա ընթացքում «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի կողմից քաղաքացիներ Սոնա Բինաթյանի, Մարգարիտա Բինաթյանի և Նաիրա Հակոբյանի անունից հայց է ներկայացվել գործատու «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության դեմ:

Գործատուն աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ՝ նկատողություն է կիրառել այն պատճառաբանությամբ, որ բոլոր աշխատողներից պահանջվել է ներկայանալ աշխատանքի համապատասխան փաստաթղթերով (ՊՇՌ թեստ, պատվաստման սերտիֆիկատ կամ բժշկի կողմից տրամադրված հակացուցման տեղեկանք), իսկ Ս.Բինաթյանը, Մ.Բինաթյանը և Ն.Հակոբյանը հրաժարվել են ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը:

Հայցադիմումի հիմքերից մեկում դրվել է այն փաստարկը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջը՝ չպահանջել աշխատողի առողջության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ այն տվյալների, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային գործառույթ իրականացնելու հնարավորությանը:

Հետևաբար, գործատուն չէր կարող աշխատողներից պահանջել նրանց առողջության վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր:

Առողջապահության նախարարի հրամանը չի կարող օրենքի կարգավորման տիրույթի հարց կարգավորել:

Հայցվորները դատարանից խնդրել են իրենց նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հրամանը ճանաչել անվավեր:

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմը պատրաստ է անվճար ներկայացնել ձեր շահերը նմանատիպ խախտումների դեպքում»: