Շատ դժվար է Նիկոլին որևէ խորհուրդ տալ այս ցուգցվանգային իրավիճակում

Միայն քաղաքականությունից հեռու մարդը կարող է պնդել, թե պատերազմից հետո Ադրբեջանի մինի ագրեսիաները՝ զինվորների և քաղաքացիական անձերի սպանություններն ու պատանդառությունը, նոր տարածքներ գրավելը և այլ լկտիությունները, ինքնուրույն գործողություններ են և առնվազն չունեն մեր անվտանգության միակ երաշխավորի՝ Ռուսաստանի «դաբրոն»։ Իսկ Ռուսաստանը հենց այնպես չէ, որ թույլատրում է Ադրբեջանին, այլ հատուկ առիթներով։

Գորիս-Կապան ճանապարհին դրված պոստերը ակնհայտորեն կապված են նրա հետ, որ Նիկոլը հրաժարվում է ստորագրել այնքան տարփողված եռակողմ պայմանագիրը, որով Հայաստանը հերթական զիջումներն է անելու և դրանք վերջապես հավերժացնելու է իրավական ուժ ունեցող փաստաթղթով։

Նիկոլը լավ է անում, որ չի ստորագրում այդ հակահայկական փաստաթուղթը, բայց նա չի ստորագրում ոչ այն պատճառով, որ փաստաթուղթը դեմ է Հայաստանի շահերին, այլ շատ լավ հասկանում է, որ դրանից հետո ինքն այլևս ոչ մի նշանակություն չի ունենա և իրեն գործից կհանեն։ Ուղղակի չստորագրելու հեռանկարն աչքի առաջ ունենալով, պետք չէր կործանել հայոց բանակը և պետությունը, որպեսզի Հայաստանի կամքը պարտադրելու այլ ռեսուրս էլ մնար՝ բացի սեփական կամակորությունից։

Շատ դժվար է Նիկոլին որևէ խորհուրդ տալ այս ցուգցվանգային իրավիճակում, բացի խաղատախտակը շուռ տալուց՝ հրաժարական տալուց, հույս ունենալով, որ հաջորդ իշխանությունը կհասցնի քիչ թե շատ կարգի գցել զինված ուժերը և դիվանագիտությունը՝ գոնե այնքան, որ ադրբեջանական պոստերի դիմաց երկու գնդացիր կարողանա աշխատացնել, և մենք դա կարողանանք մարսել։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից