ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) այսօր հանդես են եկել  հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպմանը, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ կալանավորները, ականազերծումը, անհայտ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը, ինչպես նաև կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը։ Համանախագահները նաև ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը:

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց մանդատի համաձայն՝ շարունակական ջանքերի կարևորությունը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար»։