Առանց հիշողության ցանկացած ազգ դատապարտված է կործանման

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Գրիգոր Արշակյանն  այսօր՝ նոյեմբերի 11-ին, առցանց ձևաչափով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում  ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսաստանի ազգային գրադարան» դաշնային պետական հաստատության կողմից կազմակերպված «Գրադարանային հավաքածուների պահպանման ապահովում. գիտություն և պրակտիկա» խորագրով 8-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային արխիվը:

Ելույթներով հանդես  են եկել  Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Մոլդովայի գրադարանային և արխիվային ոլորտի ներկայացուցիչները:

Գիտաժողովին  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդես է եկել «Արխիվային հավաքածուի դերը՝ որպես կարևորագույն սկզբնաղբյուր» խորագրով զեկույցով:

Կարևորելով գրադարանների և արխիվների վիթխարի գիտական դերը՝ բանախոսը նշել է, որ այդ հաստատություններում պահպանվող հսկայական հավաքածուները լույս են սփռում ազգերի պատմության զանազան էջերի վրա, փոխանցում պատմական հիշողությունը դարեդար, դաստիարակում հայրենասեր և հերոսական սերունդ:

Այնուհետ Գրիգոր Արշակյանն անդրադարձել է Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթային հավաքածուներին, նշելով, որ արխիվի նյութերից արժեքավոր սկզբնաղբյուրներ են ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի, Երևանի Հայոց կոնսիստորիայի, Երևանի Հայոց թեմական վարչության, Էջմիածնի Սուրբ լուսավորչական Սինոդի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Երևանի արքունական պալատի, ՀՀ կառավարության, Հայաստանի առաջին Հանրապետության, Բաքվի հայոց մարդասիրական ընկերության, Կովկասի հայոց բարեգործական ընկերության, Հայ եկեղեցու, հոգևորականության կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերը, Հայկական մարզային վարչության, Հայ ազգային պատվիրակության և այլ արխիվային հավաքածուներ: Ընդգծել է, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությանը, կրթական, ոստիկանական համակարգին, կուսակցությունների պատմությանը, միջկուսակցական հարաբերություններին, Արցախյան հիմնահարցին վերաբերող արխիվային փաստաթղթերի նկատմամբ:

Արխիվային փաստաթուղթը ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա բազմադարյա պատմության վկայությունը: Ուստի, արխիվների առջև դրված է ազգապահպան մեծագույն առաքելություն, որին ծառայելու համար մոտ մեկդարյա այս կառույցը գործադրել է ահռելի ջանքեր և արժանացել բարձր գնահատականի:

«Հայաստանի ազգային արխիվն այսուհետ ևս  ջանալու է հավատարիմ մնալ իր նախնիների պատգամներին` պահել և պահպանել ազգային այս կառույցը, նպաստել նրա զարգացմանն ու ապագային, քանզի առանց հիշողության ցանկացած ազգ դատապարտված է կործանման»,- եզրափակել է իր ելույթը Գ.Արշակյանը:

Գիտաժողովն իր աշխատանքը շարունակելու է նաև նոյեմբերի 12-ին: