Շատ շուտով Սևանը կդառնա Գյոյչա, Երևանը` Էրիվան, Վանաձորը` Ղարաքիլիսա, Էջմիածինն էլ` Ուչմուածին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Գորիս-Կապան մայրուղու այն հատվածում ադրբեջանական մաքսակետ տեղադրելու մասին, որը ՀՀ իշխանությունները զիջել են Ադրբեջանին։ Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե  նոյեմբերի լույս տասնմեկի կեսգիշերից ադրբեջանցիները մաքսային-անձնագրային հսկողություն են իրականացնելու նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Նա հերթական անգամ հայկական տարածքը ադրբեջանական համարելով՝ ասել է, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է։ Մինչդեռ Գագիկ Համաբարյանի պնդմամբ՝ Էյվազլի կոչվող տարածքը հենց հայկական է, և փաստորեն Փաշինյանը հերթով հայկական բնակավայրերն ու տարածքները ադրբեջանական համարելով ու հայ հանրությանը մոլորեցնելով՝ դրանք նվիրում է թշնամուն։ Ի՞նչ վտանգներով է հղի մայրուղու այդ հատվածում ադրբեջանական վերահսկողություն իրականացնելը, ինչո՞ւ է Փաշինյանը հոժարակամ գնում նման զիջումների, և արդյո՞ք հաջորդիվ ավելի կարևոր ու ռազմավարական տարածքներ չեն զիջվի թշնամուն։

Խոսեցինք Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանում ունեցած շահերից ու հեռանկարներից։ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը առավել քան որևէ ՀՀ ղեկավար ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ չունենալով պետության ընկալում, սկզբունքներ՝ Փաշինյանը որպես կամակատար՝ պատրաստ է կատարելու նաև Կրեմլից եկող ցանկացած ցուցում։

Անդրադարձանք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններին, որի ժամանակ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընտրվեց նախագահի պաշտոնում։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխության ժամանակ՝ ԵՊՀ-ի քաղաքականացված և կուսակցականացված լինելը ներկա իշխող քաղաքական ուժը դրոշակի նման ծածանում էր ամենուր, իսկ հիմա հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ-ական է։ Այդպիսով ներկաներն ապացուցում են, որ նախկինները ճիշտ էին։

Մանրամասները՝ տեսանյութում