Պարզվում է` երեկ Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել

Պարզվում է` երեկ Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ու նորից դրա մասին իմանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից. հանդիպման մասին տեղեկությունը երեկ ուշ երեկոյան է ներկայացրել  այդ երկրի ԱԳՆ-ը։

Հայաստանի Արտգործնախարարությունը, Մինսկի խումբը դեռևս ոչինչ չեն հայտնել, միայն առավոտյան «կիսապաշտոնական» Հայկական ժամանակն է հաստատել հանդիպման փաստը։

Ավելին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՀԺ-ի տարածած տեղեկատվության` կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Թեև ՀԺ-ն գրում է, որ կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, սակայն այս մասին լուռ են թե մեր ԱԳՆ-ը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ը։

Ստացվում է, որ արդեն նույնիսկ ՄԽ համանախագահների ձևաչափով Արցախը մղվում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այնինչ Մինսկի խումբը ստեղծվել էր հենց Արցախի հարցի կարգավորման նպատակով։

Դերենիկ Խաչատրյան
Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ,
«Լույս» Հիմնադրամ