Ադրբեջանը հայտնում է, որ երեկ կեսօրին 60 հայ զինծառայողի է օղակի մեջ վերցրել ու միայն այսօր առավոտյան ռուսական կողմի խնդրանքով ազատ է արձակել

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։

Այնուհետև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ փաստացի շրջափակման մեջ է առել․

«Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի պաշտպանական գերատեսչությունն այս հայտարարության առնչությամբ, պատասխանեցին, որ Նախարարությունն ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ։