Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից. ԵԽԽՎ զեկուցողներ

«Հայաստանը հաջողությամբ դուրս է եկել քաղաքական լուրջ ճգնաժամից, որն առաջացել էր ղարաբաղյան հակամարտությունում կրած պարտությունից հետո, ինչն ինքնին իսկական հաջողություն է»։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների մոնիթորինգի գծով զեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիան Օբերգի հայտարարությունում՝ արված 2021 թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստան այցելության արդյունքների հիման վրա։ «Ճգնաժամը լուծվել է դեմոկրատական ձևով կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհով՝ չնայած խիստ բևեռացված միջավայրին»,- ավելացրել են նրանք։

«Այդ բևեռացումը, ցավոք, առկա է Ազգային ժողովում և չի նպաստում իսկական խորհրդարանական մշակույթի հաստատմանը, որտեղ մեծամասնությունը և ընդդիմությունը դիմակայում են միմյանց կառուցողական և հարգալից ձևով՝ հավատարիմ մնալով հստակ որոշված և տարբեր քաղաքական կողմնորոշումների։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ հավասարակշռություններն ստեղծվում են, և որ գոյություն ունեն որոշակի զսպումներ և հակակշիռներ, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանը։

Մենք կարող ենք միայն հորդորել Հայաստանի իշխանություններին շարունակել ընթանալ այդ ճանապարհով և, անհրաժեշտության դեպքում, ապահովել մյուս ինստիտուտների անկախությունը, ինչպիսին է Կոռուպցիայի կանխման հանձնաժողովը, օրինակ՝ դրան սահմանադրական կարգավիճակ տալով։

Մենք հիանալի հասկանում ենք, որ հայ ազգաբնակչության և իշխանությունների վստահությունը դատական համակարգի հանդեպ ցածր է արդեն մի քանի տարի։ Հետևաբար, եթե դատական համակարգի բարելավումն անհրաժեշտ է, այն պետք է իրականացվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝ դատավորների պաշտոնում գտնվելու երաշխավորվածության սկզբունքի առումով, մի իրադրությունում, որտեղ պահպանվում է նրանց պաշտոնի արժանապատվությունը, և որտեղ նրանց բարեխղճությունը չի ենթարկվում հավաքական և հանրային կասկածի։

Ինչ վերաբերում է  ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակին, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները բախվում են ապատեղեկատվության աննախադեպ մակարդակի և թշնամանքի լեզվի ղարաբաղյան պատերազմի ժամանակներից։ Դա կարող է բացատրել նրանց պատրաստակամությունը՝ խստացնել կարծիքների արտահայտման ազատության շրջանակները՝ տուգանքների ավելացմամբ վիրավորանքի համար կամ «լուրջ վիրավորանքների» քրեականացմամբ, ինչպես նրանք արեցին մարտին և հուլիսին համապատասխանաբար։ Սակայն կան նաև այլ գործիքներ, բացի բացառիկ կանխիչ միջոցները, և մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին մշակել համալիր միջնա- և երկարաժամկետ ռազմավարություն՝ ուղղված ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության, լրագրողների հեղհեղուկ կարգավիճակի հարցերին և ինքնակարգավորման մեխանիզմներին, քանի որ այդ հարցերը ուղղակիորեն կապված են ԶԼՄ-ների հատվածում թշնամանքի լեզվի տարածման հետ։

Մեր այցը Երասխ սահմանամերձ քաղաք մեզ հիշեցրեց, որ համապարփակ խաղաղ համաձայնագրի բացակայության պայմաններում պահպանվում է ոչ անվտանգ իրադրություն, և խաղաղ բնակիչները վճարում են դրա դիմաց։ Բայց բարդ պայմաններում Հայաստանը կարողացավ շարունակել շարժումը դեմոկրատիայի, օրենքի և մարդու իրավունքների գերակայության ուղիով, և դա արժանի է հավանության»,- եզրափակել են նրանք։