Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն. Արցախի դատախազություն

2021 թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակիցներ` Ստեփանակերտ քաղաքի 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանին սպանելու, ինչպես նաև նույն նպատակով Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի կապակցությամբ նույն օրը ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն: