Պատերազմական հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան․ ՀՀ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի Դաշնության ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել թյուրքական պետությունների հերթական հանցագործ ոտնձգությունը հայ ժողովրդի հանդեպ: Իր հազարամյա բնօրրանում ազատ ապրելու, կառուցելու, ստեղծագործելու, այլ կերպ ասած՝ արարելու Արցախի ժողովրդի քաղաքակիրթ ձգտմանը թյուրքական երկու պետությունները պատասխանեցին աննախադեպ բարբարոսական ռազմական ագրեսիայի հրահրմամբ, որի ժամանակ իրականացրեցին պատերազմական հանցանքներին բնորոշ բազմաթիվ գործողություններ: Պատերազմը հրահրվեց հայ ժողովրդի բնական կենսագործունեության պատմական տարածքներ՝ արդեն որերորդ դար ներխուժած Թուրքիայի նախաձեռնությամբ, որը մեկ նպատակ ունի և դարեր շարունակ իրականացնում է միևնույն ձեռագրով՝ տեղաբնակ ժողովուրդներին բնաջնջելով և իրենց պատմական հայրենիքից դուրս մղելով զավթել հերթական տարածքները:

Ադրբեջանը նման ծավալի ագրեսիայի չէր կարող գնալ, ինչի մասին վկայում են երկու անհաջող փորձերը՝ նախորդ դարի 90-ականների սկզբի արցախյան առաջին ազատամարտում կրած ջախջախիչ պարտությունը և 2016 թ. ապրիլյան քառօրյան: Նախորդ պատերազմների դառը փորձը թերևս ստիպեց, որ փոքր Արցախի դեմ պատերազմը հրահրի և անմիջական մասնակցություն ունենա Թուրքիան՝ ոչ միայն իր զինված ուժերի հրամանատարական կազմով, «Բայրաքթար»-ների օպերատորներով և հատուկ ջոկատայիններով, այլև Սիրիայից տեղափոխած վարձու ջիհադիստներով, ինչպես նաև իր գործընկեր Պակիստանի հատուկ ստորաբաժանումների զինյալներով: Ագրեսորները, չնայած տարբեր երկրների զինված ուժերի մեծ ծավալների մեկտեղման, չկարողացան հաղթել հայ ժողովրդին, սակայն հաջողվեց կրկնել նախորդ դարի 20-ականներին Բաքվում և Շուշիում հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունները:

Այս անգամ թյուրքական պետություններին, նախորդ դեպքերի նման, չհաջողվեց ավարտին հասցնել իրենց ոճրագործական ծրագրերը, և դրանում ոչ միայն Ռուսաստանի որոշիչ միջնորդության, այլև միջազգային հանրության ճնշման գործոնը կար: Միանշանակ է, որ 21-րդ դարում հերթական պատմական հայկական տարածքի հայաթափումը Թուրքիային և Ադրբեջանին չէին ներվելու: Սակայն սա չի նշանակում, թե հայ ժողովրդին և, ընդհանրապես, քաղաքակիրթ աշխարհին չեն սպառնում թյուրքական նման ոտնձգությունները, ինչն արդեն տեսել են նաև Լիբիայի և Սիրիայի ժողովուրդը, իրաքյան Քրդստանը:

Ինչքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի հերքելու իր ներգրավվածությունը հայ ժողովրդի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայում, այն թաքցնել հնարավոր չէ: Պատերազմի նախաշեմին, ընդամենը օգոստոսին Ադրբեջանի կողմից գնված «Բայրաքթար»-ները ադրբեջանցի օպերատորները չէին կարող արդեն կառավարել սեպտեմբերին հրահրած պատերազմում, և պատահական չէր, որ Արցախի պաշտպանության բանակին ԱԹՍ-ներով հասցված հարվածների տեսանյութերն առաջինը հայտնվում էին թուրքական սոցիալական տիրույթներում: Պատերազմում թուրքական օպերատորների ներգրավվածության մասին է խոսում նաև այն փաստը, որ հրադադարից միայն 3 ամիս անց Թուրքիայի բանակի համապատասխան ստորաբաժանումների զինվորական մասնագետները «Բայրաքթար»-ների կառավարման ուսումնական դասընթացներ անցկացրեցին ադրբեջանցի զինծառայողների համար: Բացի այդ, սիրիական վարձկանները Ադրբեջան են հասցվել Թուրքիայի տարածքով և այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման շնորհիվ: Ավելին՝ արցախյան պատերազմում զոհվել են նաև Թուրքիայի քաղաքացիներ, որոնց հուղարկավորությունների տեղեկությունները  սպրդել էին սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում:

Որպեսզի հետագայում մարդկությունը խուսափի Արցախի ժողովրդի դեմ իրականացված բարբարոսական դրսևորումներից նաև աշխարհի այլ անկյուններում, պետք է գնահատական տրվի այս աննախադեպ ագրեսիային, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենն իրերն իրենց անուններով կոչել: Պատերազմը հրահրելու և դրանում անմիջական ներգրավվելու, պատերազմական հանցանքներ գործելու, ավելին՝ նաև վարձու ահաբեկիչների ներգրավելու գործողությունների համար Անկարան պետք է պատասխան տա միջազգային իրավունքի ատյաններում և կառույցներում: Համաձայնել Անկարայի հայտարարություններին, թե վերջինս միայն բարոյական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, նշանակում է` ազատել Թուրքիայի ձեռքերը հերթական ոճրագործության համար: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ նման գործողությունների համար վերջինիս պոտենցիալ ուղղություններից է նաև Եվրոպան, որտեղ դա կարող է արվել հիբրիդային պատերազմների տեսքով, իսկ Ուկրաինայում արդեն այն ստանում է ռազմական բախումների տեսք»: