Թշնամին պետք է տեսնի, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ․ Իշխան Սաղաթելյան

Պատերազմն ավարտված չէ, ժամեր առաջ Շուշիի մոտակայքում կրկին ունեցանք քաղաքացիական զոհ, թշնամին շարունակում է հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը։

Այս մասին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է ձևավորենք համազգային դիմադրություն։ Այսօր, այստեղից սկիզբ ենք դնում համազգային դիմադրության շարժմանը»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ` արտաքին և ներքին։ «Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին և մեր, մասնավորապես մեր թշնամիներին պետք է ցույց տանք և ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, նա երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայկական փաստաթուղթ մեր կողմից լինելու է անընդունելի։ Պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում` մեր երկիրը քայքայող երևույթների նկատմամբ։ Բոլոր ոլորտներում պետք է ձևավորենք մեծ ու փոքր դիմադրողականություն մեր պետության անկումը կանխելու համար»։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կհրապարակվեն իրենց մարզային գրասենյակների հասցեները դիմադրության գործընթացին կամավորագրվելու և գրանցվելու համար։