Տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ իշխանությունների օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական. «Զարթոնք»

Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակումը ո՛չ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարող հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման:

Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների վրա հույս դնելը ոչ միայն անիրատեսական է, այլ նաև՝ վտանգավոր, ինչի վառ ապացույցն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից: Ըստ գրավոր պայմանավորվածության Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ), կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում (8-րդ կետ), մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության տարածք, և առ այսօր բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ գտնվում են Ադրբեջանում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պնդում է, որ հնարավոր չէ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հասնել, քանի դեռ՝

  1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.
  2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը (ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը).
  3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.
  4. Թուրքիան չի ճանաչել և դատապարտել 1915 թվականի ցեղասպանությունը:

Հայաստանի և Արցախի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է մերժել:

Երբ իշխանության և ընդդիմության բոլոր ջանքերը կուղղվեն այս հարցերի լուծմանը, ապա կունենանք ազգային զարթոնք: