Մեր ընկալումն է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք պատրաստ ենք․ Նիկոլ Փաշինյան

Պետք է արձանագրեմ, որ մենք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել, շուրջ 28 զոհ ենք ունեցել։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ դա անհանգստացնող փաստ է, ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք և գերիների մի մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո։ Ըստ նրա՝ Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործողությունները վարկաբեկելու գործելաոճ։

Վարչապետն ուշադրություն հրավիրեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, որտեղ  նշվում է, որ բացվում են տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները և ասաց, թե ինչի մասին է այդ տեքստը։

«Սա նրա մասին է, որ տրանսպորտային գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պետք է մտածենք, այդ ժամանակ պետք է մտածենք նոր կոմունիկացիաների մասին։ Շատ կարևոր է արձանագրել, որ մեր ընկալումն այն է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով, Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք դա չենք ժխտում, ընդունում ենք, պատրաստ ենք։ Եվ մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ և Հայաստանը ևս դա մի քանի անգամ առաջարկել է։ Նա նաև նշեց, որ պատրաստ են քննարկումների, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։