ԱՄՆ դատարանը կասեցրել է Բայդենի՝ միջին և խոշոր ընկերությունների աշխատողների պարտադիր պատվաստման պահանջը

Միացյալ Նահանգների հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ։

Դատարանը հղում է արել սահմանված պահանջով առաջացած «օրենսդրական և սահմանադրական լուրջ» խախտումներին, գրում է ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշումը պատասխան էր մի քանի ընկերությունների, իրավապաշտպան խմբերի և Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգների ներկայացուցիչների համատեղ միջնորդությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը կարգադրել էր երկրում մասնավոր ընկերությունների մոտ 84 միլիոն աշխատակցի մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ կանոնավոր թեստավորում անցնել։ Ինչպես երևում է հրամանից, այս միջոցառումը նախատեսված էր 100 և ավելի հոգանոց աշխատակազմ ունեցող ձեռնարկությունների համար։