Պատվաստվածների շրջանում կորոնավիրուսի հիմնական ախտանիշները

Պատվաստումից հետո COVID-19-ով վարակվելու ռիսկը զգալիորեն կրճատվում է, սակայն պետք չէ ամբողջությամբ բացառել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։  «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, Դանիայի ռադիոն (DR) հաղորդել է վարակաբան Թոմաս Բենֆիլդի ու իմունոլոգ Ռուն Հարթմանի նկատառումները, այն է՝ պատվաստված մարդկանց շրջանում հիվանդությունը կարող է զարգանալ նույնքան տարբեր, որքան չպատվաստված մարդկանց: Բացի այդ, եղել են հոսպիտալացման դեպքեր՝ հիմնականում տարեցներ, սակայն ոչ կրիտիկական վիճակում։

Իրավիճակը, երբ նույնիսկ ամբողջությամբ պատվաստված մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, կոչվում է «բեկումնային վարակ»։ Ըստ ZOE COVID Symptom Study-ի մասնագետների ուսումնասիրության, պատվաստվածների շրջանում քովիդի ամենատարածված ախտանիշներն են գլխացավը, քթահոսը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը: Ընդ որում պատվաստվածների շրջանում ջերմությունը և համ ու հոտի կորուստը ավելի քիչ տարածված են:

Հարթմանը նշել է, որ հիվանդության ծանրության աստիճանի վրա ազդում են հենց պատվաստանյութը, տարիքը և ուղեկցող հիվանդությունները։

«Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի ազդեցությունը նվազում է բնակչության ամենատարեց հատվածի մոտ՝ 70 տարեկանից բարձր, ավելի քան վեց ամիս անց։ Իսկ եթե այդ պահին երրորդ ներարկումն անեն, կլինիկական բարելավում է տեղի ունենում»,- ընդգծել է իմունոլոգը՝ նշելով, որ նույնիսկ լիարժեք պատվաստման դեպքում արժե վերահսկել ախտանիշները, որպեսզի առաջին հերթին չվարակեն ուրիշներին։