«3+3» ձևաչափը չի կարող աշխատել, երկրների շահերը բոլորովին հակադարձ բևեռներում են. Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով,  Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը չի աշխատի: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, քաղաքագետը քիչ հավանական համարեց միմյանցից շատ տարբեր շահեր ունեցող երկրների ներգրավմամբ ֆորմատի գործունեությունը:

«3+3  ձևաչափը, որում միաժամանակ կարող են ներգրավված լինեն Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, պարզապես չի կարող  աշխատել: Նույնիսկ եթե ֆորմալ առումով այդ ձևաչափը գոյություն ունենա, ու պատկերացնենք, որ ստորագրվել են համաձայնագրեր, փաստաթղթեր, եղել են հայտարարություններ, միևնույն է՝ այդ ձևաչափը չի աշխատի: Պատճառն այն է, որ այս 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև բոլորովին հակադարձ բևեռներում են: Այն ինչ ուզում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուս երկրները, մեկը մյուսին հակասում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Այդ դեպքում ինչո՞ւ է առաջ քաշվում այդ նախաձեռնությունը: Հարցին ի պատասխան, Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ նման քայլով Թուրքիան փորձում է Հարավային կովկասում հաստատել իր ազդեցությունը որպես որոշում կայացնող, ու դա անել ինստիտուցիոնալ ձևով:

«Այսինքն՝ այն ինչ ստացավ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից առաջ, բերել ինստիտուցիոնալ ձևաչափ»,-ասել է քաղաքագետն՝ ընդգծելով, որ այդ հարցի հետ կապված քննարկումները կշարունակվեն, կլինեն հայտարարություններ, միևնույն է, այն չաշխատող ձևաչափ է:

Նա նաև նշել է, որ Վերջին շրջանում ընթացող մի շարք զարգացումները տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերակենդանացմանը:

«Ամենայն հավանականությամբ այն իր աշխատանքները կվերականգնի, դա երևում է բազմաթիվ ցուցիչներով: Երեք համանախագահ երկրներին և Հայաստանին դա պետք է, կտրուկ դեմ արտահայտվողը միայն Ադրբեջանն է: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել Ադրբեջանի հռետորաբանությունը ռեալ քաղաքականությունից: Ադրբեջանի այն հրապարակային դիրքորոշումը, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, այնքան էլ կապ չունի իրականության հետ, այն ավելի շուտ ուղղված է ներքին քաղաքականությանը: Ալիևն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, այն այլևս գոյություն չունի, գալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասվում է, թե նրանց այցը հետաքրքիր չէ, բայց լրագրողներին դուրս են հրավիրում, դռները փակվում են, ու բանակցությունները տևում են ժամեր: Կրկնում եմ, բազմաթիվ ցուցիչներ վկայում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվելու են»,-ասել է  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության, կսկսվեն որոշ քննարկումներ և գործընթացում ներգրավված կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: