Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող ԼՂ հակամարտությունը հանել միջազգային օրակարգից․ ԱԳՆ

Ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։ Այս մասին ասել է ԱԳՆ  մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը։

ԱՀ նախագահի օգնական Հ.Հաջիևը նախօրեին, Ադրբեջանի «ԱԴԱ» համալսարանում ունեցած ելույթում նշել էր, թե «ղարաբաղյան հակամարտությունն այլևս ավարտված է և մնացել է անցյալում, և որ Ադրբեջանի համար Ղարաբաղը արդեն ոչ թե արտաքին քաղաքականության, այլ ներքին օրակարգի թեմա է»։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող լուծել, այլև չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։

Հայաստանը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան խնդրի հանդեպ սկզբունքային դիրքորոշման մասին, որը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշմանը. միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատով, խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել ղարաբաղյան հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորման՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Վահան Հունանյանը։