Առուշ Առուշանյանի կողմից գրավ դրված 2 մլն դրամը կփոխանցվի պետբյուջե

Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Այս մասին որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից:

«Մենք պնդել և պնդում ենք, որ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ դատական այս որոշմամբ դա հաստատվեց: Դատական այս ակտով երրորդ անձի մոտ կարող է ողջամիտ ենթադրություն ձևավորվել, որ խափանման միջոցի պայմանի խախտում կարող է ստեղծվել»։

Առուշանյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ էին ցանկանում հայտնել, բայց աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատարանը դա թույլ չտվեց անել:

Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին: