Լիբանանը և իրանա-արաբական առճակատումը

Երկրագնդի ո՞ր կետում կարող է բռնկվել 3-րդ համաշխարհային պատերազմը։ Գուցե այն «կպայթի» Անդրկովկասո՞ւմ։ Սակայն Իրաքում և Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով պատերազմի բռնկումը հնարավոր է հենց այդ երկրներում, քանի որ Մերձավոր Արևելքում թուրքերն իրենց լկտի և ագրեսիվ են պահում։

Նոյեմբերի 4-ին եգիպտական ​​«Al-Ahram Weekly online» թերթը մեկ այլ տարբերակ է առաջարկել։ Հոդվածը գրել է եգիպտացի փորձագետ Ահմեդ Մոստաֆան, որն առաջարկում է Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման վայրը փնտրել Լիբանանում։ Չէ՞ որ այսօր Լիբանանում է սփյուռքի հայկական ամենամեծ համայնքներից մեկը, չնայած այս տարածաշրջանում չդադարող պատերազմներին,  բացի դրանից, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայությունները շատ ակտիվ են Լիբանանում։ Սրանք հայ ազգի թշնամի երկու երկրներն են. Լիբանանում պատերազմի դեպքում հայերը լինելու են բնակչության ամենախոցելի խավերից մեկը, ինչպես եղավ 2011-16 թթ. հարևան Սիրիայում, և ինչպես դա հանգեցրեց Իրաքի հայ համայնքի փաստացի անհետացմանը…

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում եգիպտացի փորձագետ Ահմեդ Մոստաֆայի մտքերը։ Պարսից ծոցի երկրների և Լիբանանի միջև հակամարտությունների վերջին սրմամբ, ԱՄԷ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ վերադառնալ տուն՝ թարմացնելով ԱՄԷ քաղաքացիների համար իր ճանապարհորդական ուղեցույցը, որպեսզի նրանք չայցելեն Լիբանան, հիշեցնում է նա: Սա կատարվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Եմենում պատերազմի մասին լիբանանցի նախարարի խոսքերի պատճառով ԱՄԷ-ն Բեյրութից դուրս բերեց իր դիվանագետներին: Սաուդյան Արաբիան նույնպես դատապարտել է Լիբանանի տեղեկատվության նախարարի հայտարարությունները, որը պատերազմը Եմենում որակել է որպես դրսի կողմից «ագրեսիա»։ Սաուդյան Արաբիան հետ է կանչել Բեյրութում իր դեսպանին և խնդրել է Ռիադում Լիբանանի դեսպանին՝ լքել երկիրը։ Այնուհետև Սաուդյան Արաբիայի հետքերով գնացին ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Քուվեյթը։ Կատարը դատապարտել է լիբանանցի նախարարի հայտարարությունները, սակայն չի խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Բեյրութի հետ։ Օմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) այդ վեցյակից միակ երկիրն էր, որը չեզոք էր: Օմանի արտաքին գործերի նախարարությունը «խոր ափսոսանք է հայտնել մի շարք արաբական երկրների և Լիբանանի Հանրապետության միջև լարված հարաբերությունների կապակցությամբ»։ «Սուլթանությունը նաև կոչ է անում բոլոր երկրներին զսպվածություն ցուցաբերել և աշխատել խուսափել էսկալացիայից և կարգավորել տարաձայնությունները երկխոսության և փոխըմբռնման միջոցով այնպես, որ պահպանվեն երկրների և նրանց ժողովուրդների բարձրագույն շահերը, ինչպես նաև անվտանգությունը, կայունությունը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը և չմիջամտել ներքին գործերին»,- ասել է Օմանը։

Այստեղ մեր պարզաբանումն է անհրաժեշտ։ Օմանը Պարսից ծոցի միակ երկիրն է, որը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Իսկ GCC անդամ մյուս բոլոր երկրները ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ճնշման տակ դավադիր համաձայնության են եկել Իսրայելի հետ։ Մենք կարծում ենք, որ այժմ պարզ է, թե ինչու են ամերիկամետ և իսրայելամետ արաբական վարչակարգերն այդքան թշնամաբար տրամադրված Իրանի և Լիբանանի նկատմամբ: Այս տարվա օգոստոսին ձայնագրված և այս շաբաթ հեռարձակված հարցազրույցում, ինչպես նշում է փորձագետ Ահմեդ Մոստաֆան, Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահին (քրիստոնյա) ասել է, որ Եմենում Իրանի կողմից աջակցվող հութի (հուսիթներ) ապստամբները «պաշտպանվում են արտաքին ագրեսիայից», ինչը դիվանագիտական ​​սկանդալ առաջացրեց Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև: Լիբանանցի նախարարն ասաց ճշմարտությունը, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի խամաճիկները անհանգստացան։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ դա արվել է «Եմենի պատերազմի մասին վիրավորական արտահայտություններից հետո… և Լիբանանում Իրանի կողմից աջակցվող շիական «Հեզբոլլահ» շարժման ազդեցությունից հետո»: GCC-ի երկրների գործողությունները տեղի են ունենում նաև Եմենի մասին հայտարարությունների համապատկերին։

Իրանի ազդեցությունը ինչպես Լիբանանում, այնպես էլ Եմենում լուրջ խնդիր է GCC-ի համար, հատկապես հիմա, երբ հնարավորություն կա Թեհրանը քաղակականապես վերականգնելու (ռեաբիլիտացիայի հասնել) միջազգային մակարդակով, գրում է Ահմեդ Մոստաֆան։ Անցած շաբաթ իրանցի բանակցողները «դրական» հանդիպում անցկացրին եվրոպական երկրների հետ, որոնք Իրանի հետ միջուկային համաձայնագիր են ստորագրել 2015 թվականին: Նպատակն է վերսկսել իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնք ուղղված են Վաշինգտոնին վերադարձնելու գործարքի շրջանակ, որից հրաժարվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Այս քայլը համընկավ սաուդյան-իրանական մերձեցման հետ, որի մասին վերջին շաբաթները խոսվում էր ԶԼՄ-ներում: Իրանական IRNA լրատվական գործակալությունը այս շաբաթ հաղորդել է, որ իրանցի պաշտոնյաները Սաուդյան Արաբիայի արձագանքը երկկողմ հանդիպումներին «շատ դանդաղ» են համարում, և Թեհրանը Էր Ռիադին խնդրել է արագացնել դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, թեև սաուդցիները, կարծես թե չեն ցանկանում դա անել: Համաձայն Պարսից ծոցի վերլուծաբաններից մեկի, որն առցանց զրուցել է ​​«Al-Ahram Weekly online»-ի հետ, Սաուդյան Արաբիան կարծում է, որ հարաբերությունների վերականգնումը «վարձատրություն կլինի Իրանի համար»: Նա ասաց, որ Իրանը դեռ շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ աջակցելով «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են Հութի զինյալները Եմենում և «Հեզբոլլահը» Լիբանանում… Դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կնշանակի, որ դուք նրանց ինչ-որ բան կտաք, իսկ նրանք ձեզ չեն տա: Եթե ​​նրանք չփոխեն քաղաքականությունը, չդադարեն միջամտել տարածաշրջանի գործերին և զերծ չմնան այդ հովանավորյալներին աջակցելուց, նորմալ հարաբերություններ սպասել չես կարող»։

Արևմտյան մի դիվանագետ, որն աշխատում էր Պարսից ծոցում, ասաց, որ Լիբանանի հետ պառակտումը հիմնականում պայմանավորված է երկրում Իրանի ազդեցության դեմ պայքարի ջանքերի ձախողմամբ: «Պարսից ծոցից Լիբանանին տրամադրված օգնությունն ավարտվեց տարիներ առաջ, և դա հանգեցրեց ծանր տնտեսական ճգնաժամի, որը «Հեզբոլլահը» փորձեց մեղմել Իրանի աջակցությամբ: Լիբանանի ներկայիս ֆինանսական ճգնաժամը ժողովրդի մեջ ավելի շատ զայրույթ է առաջացրել Ծոցի երկրների դեմ, քան «Հեզբոլլահի» և նրա դաշնակիցների դեմ», – ասաց նա: Պարսից ծոցի երկրները, թվում է, տարիներ առաջ լքել են Լիբանանը, ասում է փորձագետ Ահմեդ Մոստաֆան, սակայն նրանք չեն անտեսել իրանական ազդեցությունը այդ երկրում «Հեզբոլլահի» միջոցով: Պարսից ծոցի օգնությունը Լիբանանին ավարտվել է, և Ծոցի երկրներից լիբանանյան բանկերում ներդրումներ ու ավանդներ այլևս չեն գալիս: Սակայն երկրները պահպանել են հարաբերությունները և որոշակի աջակցություն՝ երկիրը ամբողջությամբ իրանական ազդեցության տակ չթողնելու համար։ Քանի որ տարածաշրջանը փոփոխվում է, բոլոր խաղացողները օգտագործում են իրենց որոշիչ խաղաքարտերը: Մի քանի տարի առաջ Դուբայում կայացած մամուլի ասուլիսում Էմիրությունների նախարարն ասաց, որ իր երկրի դիրքորոշումը Լիբանանի նկատմամբ մոտ է «անտարբերությանը»: Նրա խոսքով՝ երկրում «վստահելի գործընկեր» գտնելու բոլոր փորձերը ոչ մի արդյունք չեն տվել։ Ակնհայտ էր, որ ԱՄԷ-ում հիասթափություն կար Լիբանանում քաղաքականության ուղղության և Պարսից ծոցի ռազմավարության հետ դրա անհամապատասխանության վերաբերյալ, հատկապես Իրանի հետ հակամարտությունում:

Լիբանանի նախագահ Միշել Աունի (քրիստոնյա) կուսակցության և «Հեզբոլլահի» միջև դաշինքը ակնհայտորեն ստվերել է Ծոցի արաբական երկրների հետ սերտ կապեր ունեցող քաղաքական բոլոր մյուս կուսակցությունները: Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Ալ-Հարիրին և Մ.Աուն-«Հեզբոլլահ» դաշինքի դեմ հանդես եկող ուժերի կոալիցիան միշտ վայելել են Պարսից ծոցի բարեհաճությունը: Սակայն Լիբանանի վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ կոալիցիան չի կարող փոխել փաստերը տեղում: Բացառությամբ Օմանի և որոշ չափով Քաթարի, GCC երկրները վճռական են առավելագույն ճնշում գործադրելու տարածաշրջանում Իրանի կամակատար խմբերի վրա: Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսմամբ, հավանաբար մոտ ապագայում, Եմենում և Լիբանանում կարող է սրվել էսկալացիան։ Ոմանք ակնկալում են, որ սա կլինի լարվածության գագաթնակետը, նախքան որևէ կարգավորման հասնելը: Մյուս սցենարը տարածաշրջանային պատերազմն է, որը կներգրավի Իսրայելը, թեև ԱՄՆ-ը կփորձի խուսափել դրանից։ Այս պահին իրավիճակը «սպասումների» խաղ է, երբ փորձարկվում է բոլոր շահագրգիռ կողմերի վճռականությունը, եզրակացնում է փորձագետ Ահմեդ Մոստաֆան։

Ինչպես տեսնում ենք, Լիբանանը և նրա բնակչությանը (ներառյալ քրիստոնյաներն ու շիաները) ցանկանում են վերածվել նույն սակարկությունների մանրադրամի՝ խոշոր երկրների «խաղի» համար, ինչ արդեն վերածել են Արցախի Հանրապետությունն ու Հայաստանը։ Իսկ Լիբանանը նույնպես այն տարածքներից է, որտեղից այս խոշոր «խաղացող» երկրները կարող են համաշխարհային զինված հակամարտություն սկսել… Հայությունը, ինչպես գրեթե միշտ, նման սցենարի դեպքում դառնալու է գլխավոր զոհերից մեկը։

Սերգեյ Շաքարյանց