Վիետնամում կորոնավիրուսի դեմ սխալմամբ պատվաստել են 18 մանկիկների

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչև վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer և BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական Vietnam News հրատարակությունը:

Հանոյի առողջապահական մարմինների տվյալներով՝ միջադեպն այս շաբաթ ավելի վաղ տեղի է ունեցել քաղաքի շրջաններից մեկում: Այն բանից հետո, երբ սխալմամբ կատարված պատվաստման մասին իմացել է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտը, երեխաներին հիվանդանոց են տեղափոխել հետազոտության և բուժընթաց անցնելու համար:

Հանոյի Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված փոքրիկների վիճակը կայուն է, նրանցից մի քանիսը ներարկումից հետո ունեցել են բարձր ջերմություն, իսկ ներարկման տեղում հայտնվել է կարմրություն և այտուցվածություն, թեև դրանք պատվաստման սովորական հետևանքներ են, նշում է հրատարակությունը:

Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը նոյեմբերի 4-ի երեկոյան այցելել է հիվանդանոց և տեսակցել երեխաներին: Նա հորդորել է՝ ուժեղացնել հսկողությունը ապագայում նմանօրինակ դեպքերը կանխելու համար և մեղավորներին խստորեն պատժել սխալ պատվաստում կատարելու համար:

Իր հերթին, Վիետնամի առողջապահության նախարարությունը խնդրել է մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտին՝ ուսումնասիրել պատճառները, որոնք հանգեցրել են սխալի, և պարզել այն անձանց, որոնք պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար:

Գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունների կողմից մշակված պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլում մոտավորապես 95 տոկոս ակտիվություն է ցուցաբերել կորոնավիրուսռով վարակումը կանխելու գործում: Պատվաստանյութի կիրառմանը հավանություն են տվել տասնյակ երկրներում, առանձին պետություններ թույլատրել են պատվաստուկի օգտագործումը երեխաների ու դեռահասների պատվաստման համար:

Նոյեմբերին ԱՄՆ-ի CDC բժշկական կարգավորիչը պաշտոնապես հավանություն է տվել 5-ից մինչև 11 տարեկան երեխաների համար Pfizer-ի պատվաստանյութի կիրառմանը: