Դատարանը թույլատրեց Առուշանյանին տեսակցություններ, բայց պահպանեց հեռախոսային հաղորդակցության արգելքը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:

Մասնավորապես, դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ դատարանը որոշեց պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

Դատարանը նաև մերժեց Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելու պաշտպանների միջնորդությունը։

«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով և այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվում է դատարանը»,-ասաց դատավորը: