Սիդնեյում հայ համայնքի կոչով հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակը, որով կոչ էր արվում այցելել Շուշի

Ավստրալիայի հայ համայնքի ճնշման տակ Սիդնեյի մի շարք աչքի ընկնող հատվածներում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակները, որոնցով փառաբանվում էր Բաքվի հաղթանակը՝ Արցախի նկատմամբ:

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ Շուշիի պատկերով պաստառները իրենից ներկայացնում էին ճամփորդական գովազդ՝  կոչ անելով  ավստրալացիներին ճամփորդել դեպի Շուշի:

Գովազդային վահանակի վրա պատկերված էր նաև մանուշակագույն թռչունը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը»: Փաստացի, Բաքվի «հաղթանակը» այդ քայլով քողարկվել է ադրբեջանական զբոսաշրջության գովազդային ակցիաների ներքո, որոնցում ավստրալացիներին կոչ էին անում մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված պատմական հայկական Շուշի: Վահանակներում բերդաքաղաքի լուսանկարի վրա նշված է ՝ «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։

Այս քայլի մասին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։

Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վահանակներն օգտագործվել են բռնապետի հանցագործությունների փառաբանման համար:

«Վահանակների վրա գովազդվում էր բռնապետերի ՝ ցեղասպանությունների հերոսացումը։ Տնօրենին բացատրեցինք, որ դրա իրական նպատակը ոչ թե զբոսաշրջության առաջխաղացումն է, այլ վիրավորանքներ ու վնաս հասցնելը մեր համայնքին»,- ասված է հայտարարությունում։