Նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է, նվազագույն զամբյուղը` 75 000. ԱԺ–ը շարունակում է բյուջեի քննարկումը

«2022-ին նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում չեք նախատեսում, բայց  դրա օբյեկտիվ անհրաժեշտությունն ակնհայտ է առնվազն գնաճով պայմանավորված»,- Ազգային ժողովում 2022 թ. բյուջեի քննարկմանն ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, մինչդեռ հունիսի դրությամբ մեկ անձի  հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի արժեք 70  հազար դրամ  է. «Գնաճը շարունակվում է, իմ գնահատմամբ, արդեն 75 հազար դրամ է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած գնաճի  ցուցանիշով՝ 5,2-5,6 տոկոս, կմոտենա մինչև 80 հազար դրամի»։

Դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ պատգամավորն ասաց, որ որոշ ծրագրերի գծով աճ է նախատեսված, բայց անհասկանալի է, թե ինչու մոտ 13,5 միլիարդ դրամի չափով կրճատել են այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն։ Նա մի քանի օրինակներ բերեց. անապահովության նպաստի ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցվում է 6,3 միլիարդով այն դեպքում, երբ ընտանիքին տրվող անապահովության նպաստի չափը ամսվա ընթացքում 31 հազար 350 դրամ է։

«Ինչքան էլ ասեք՝ մակրոտնտեսական կայունություն, փող չկա, խնայենք, երկիրը զարգանա, բայց դուք ավելացնում եք կառավարման ապարատի պահպանման ծախսերը  28 տոկոսով՝ 1,55 միլիարդ դրամով, սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն»,- հարցրեց պատգամավորը։

Ն. Մկրտչյանն ասաց, որ պետք չէ մոռանալ, որ երկիրն անցնում է առնվազն երկու ծանրագույն ճգնաժամերի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով։

Նախարարը հաստատեց` նվազագույն աշխատավարձի բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում, բայց բարձրացում է նախատեսված կառավարության 5-ամյա ծրագրով։