Թեհրան-Բաքու հարաբերությունները շարունակվում են դրական և բարիդրացիական ճանապարհով․ Իրանի արտգործնախարար

Թեհրան-Բաքու հարաբերությունները շարունակվում են դրական և բարիդրացիական ուղղությամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով` որոշ հարցերում կարող են տարաձայնություններ լինել, սակայն կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ լուրջ կամք դրսևորեն խոչընդոտները հաղթահարելու համար։ «Ես և իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը երկու երկրների անունից կշարունակենք մեր դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ հարաբերությունները լիարժեք զարգացնելու և թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով»,- ասել է Իրանի նախարարը։

Նա պարզաբանել է, որ այս շրջանակներում կողմերը պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համագործակցությունը հանրային և լրատվական տարածքի ավելի լավ կառավարման համար, ինչպես նաև երկու երկրների միջև համատեղ կոմիտե ստեղծել։ «Մենք մեր հարևաններին բարեկամներ ենք համարում և այս առումով կարևորում ենք այդ հարաբերությունները կարգավորող սկզբունքները»։