Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում կկառուցվի արևային կայան

Կառավարությունը բավարարեց «Ա-Ս էներջի» ՍՊԸ-ի հայտը՝գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում։

Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շնորհված էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա։

Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ կատարված է, ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն և նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում՝ կայանների կառուցման, փորձարկման և գործարկման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250,000 դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30.6 մլն դրամ: