Հանրային բաց տարածքներում շնչադիմակի պարտադիր կրման պահանջի առնչությամբ հայց է ներկայացվելու Անահիտ Ավանեսյանի դեմ. 2

Սկիզբը` այստեղ 

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հիմա ճաղերի առջևից է նայում, բայց ժամանակները, նրանց հետ էլ իշխանությունները փոփոխական են, ո՞վ իմանա, բացառված չէ, որ մի օր էլ ճաղերի ետևից նայի…

Դեռևս 2020թ. սեպտեմբերի 7-ին «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնության մի խումբ բժիշկներ ՀՀ պատկան մարմիններին կոչ արեցին  չեղարկել բացօթյա տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը: Հիմնավորելով իրենց այս դիրքորոշումը, բժիշկները նշել էին.

«Այսօր դիմակը կանխարգելման միջոցից վերածվել է չտուգանվելու համար անհրաժեշտ պարագայի՝ բազմակի օգտագործման հերթապահ դիմակի, դնչկալի կամ թևկալի տեսքով՝ առողջության համար իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ:

Բնակչության որոշակի խմբի համար էլ դիմակը կանխարգելման միջոցից վերածվել է աքսեսուարի, ընդ որում կտորե և սինթեթիկ դիմակների կիրառումը ոչ միայն արդյունավետ չէ, այլ մի շարք պատճառներով անգամ ավելի վտանգավոր կարող է լինել վարակման տեսանկյունից»:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը, «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմնի համապատասխան պաշտոնյաները չեն կարող տեղյակ չլինել այս փաստարկներին, հիմնավորումներին, չեն կարող նաև շրջապատից այնքան կտրված լինել, որ չտեսնեն, թե ինչ է կատարվում հանրային բաց ու փակ վայրերում, իրենց շուրջբոլորը, գրեթե ամենուր:

Հետևաբար եթե նախարարի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ լինելով հանդերձ է իր 2020թ. սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխությամբ մարդկանցից պահանջում ս. թ.  նոյեմբերի 1-ից բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս, հանրային բաց տարածքներում պարտադիր կրել շնչադիմակ, ապա մնում է եզրակացնել, որ նրա նպատակը կամ շնչադիմակների արտադրությամբ զբաղվող իշխանական, իշխանամերձ ինչ-որ մեկի բիզնեսին նպաստելն է, կամ օտարերկրյա ինչ-որ կազմակերպության թաքուն պահանջը կատարելը, կամ Հայաստանի բնակչության առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ընդ որում նաև` համավարակի ավելի մեծ տարածմամբ:

Այո, վերոնշյալի առումով խոսքը չի վերաբերվում միայն համապատասխան հիվանդություններ ունեցող անձանց մոտ ալերգիկ, սրտանոթային, շնչառական համակարգերի հիվանդությունների սրացմանը և շնչադիմակների երկարատև կրման դեպքում առողջական խնդիրների առաջացմանը նույնիսկ առողջ մարդկանց շրջանում` առավել ևս, եթե սովորական նույն շնչադիմակն օգտագործում են 3 ժամից ավելի կամ օրեր շարունակ, ինչը մեր դառն իրականությունն է:

Նշված շնչադիմակների օգտագործումը, ինչպես «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնության մի խումբ բժիշկներ նշել են իրենց վերոնշյալ կոչում, «մի շարք պատճառներով անգամ ավելի վտանգավոր կարող է լինել վարակման տեսանկյունից»: Առաջին հայացքից սա կարող է զարմանալի և նույնիսկ անհավատալի թվալ, բայց մի շտապեք…

Երբ դուրս գաք տանից, աշխատավայրից, ուշադիր նայեք շրջապատում գտնվողներին, շատերին կտեսնեք, որոնք իրենց դեմքին թեև շնչադիմակ ունեն, սակայն այն քթից, որոշների պարագայում նույնիսկ բերանից ներքև է իջեցված: Այդպես են վարվում և՛ այն պատճառով, որ դրանցով քիթ ու բերանը փակելու դեպքում դժվար է շնչելն ու խոսելը, և՛ խուսափելով դրանց երկարատև կրման հետևանքով ալերգիկ, ինֆեկցիոն, սրտանոթային, շնչառական համակարգերի հիվանդությունների սրացումից կամ առաջացումից:

Այնուհետև հետևեք, տեսեք, թե այդ մարդիկ ինչպես են իրենց ձեռքերը հպում դեմքերին` դնչի, բերանի, քթի կամ այտերի հատվածներում, և դիմակը բարձրացնում վերև` ոստիկան տեսնելիս, հասարակական տրանսպորտ բարձրանալիս, խանութ, դեղատուն, այլ փակ տարածքներ մտնելիս, ոստիկանի հեռանալուց, տրանսպորտից իջնելուց, նշված տարածքներից դուրս գալուց հետո, դիմակը դարձյալ իջեցնում ներքև: Ա՛յն ձեռքերով, որոնցով բռնել են համավարակի այսպիսի մակարդակի պայմաններում շատ հնարավոր է վարակակիր տրանսպորտի, խանութների և այլ օբյեկտների դռների բռնակները, տվել և առել վարակակիր դրամը և այլն, և այլն…

Ընթերցողներից երևի շատերը հիմա կմտածեն, որ իրենք էլ հենց այդպես են վարվում, ուրիշին էլ ինչո՞ւ հետևեն… Այնպես որ, եթե կորոնավիրուսային համավարակը Հայաստանում ավելի մեծ տարածում ստանա, ամենևին պետք չէ զարմանալ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը հրաման է արձակել մերօրյա իրականությունից կտրված:

Ընդգծենք, որ բոլոր տեսակի շնչադիմակների օգտագործման հրահանգներում գրված է, որ կտրականապես արգելվում է դրանց չախտահանված ձեռքերով դիպչելը, դրանց կիրառումը թեկուզ մասնակի արդյունավետ է համարվում նաև միայն այն դեպքում, երբ զուգահեռաբար պահպանվում է սոցիալական հեռավորություն, մինչդեռ Հայաստանում նշված պայմանները, պահանջները զանգվածաբար խախտվում են թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, նախարարության այլ պաշտոնյաներ վերոնշյալին չեն կարող անտեղյակ լինել, հետևաբար Ավանեսյանի կողմից տվյալ իրականության անտեսումն անժխտելի փաստ է, որի համար նա ստիպված է լինելու պատասխան տալ դատարանում:

Ըստ հիշյալ նախաձեռնության մի խումբ բժիշկների, բացօթյա տարածքներում շնչադիմակի կրման «Կանխատեսելի վնասներն ավելի ակնառու են, քան հնարավոր օգուտները», «Կորոնավիրուսով վարակումը տեղի է ունենում փակ տարածքներում՝ աշխատավայրերում, տներում, բուժհիմնարկներում, մարդկանց քիչ թե շատ տևական շփման ընթացքում»: Նրանք իրենց կոչով առաջարկել էին.

«Վերացնել բացօթյա տարածքներում դիմակների կրելու պահանջը:

Ազատել թանկարժեք վարչական ռեսուրսը դիմակներ կրելու վերահսկողության վրա ծախսելուց և այն ուղղել կոնտակտավորների նկատմամբ հսկողության ուժեղացմանը:

Ընդլայնել նպատակային թեստավորման ծածկույթը, կատարել վարակվածների և նրանց կոնտակտավորների վաղ հայտնաբերում, մեկուսացում և արդյունավետ բուժում»:

Բժիշկները նշել էին նաև, որ վերոնշյալ գործողությունների կատարումը կնպաստի`

«Կանխարգելման գործընթացի առավել արդյունավետ բաղադրիչի հզորացմանը:

Դիմակների առավել նպատակային օգտագործմանը փակ տարածքներում:

Բնակչության կողմից դիմակների նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը՝ չտուգանվելու միջոց «անցաթղթից» դեպի կանխարգելման իրական միջոցի»:

Ինչպես հիշում եք, այս կոչից միայն ամիսներ անց հանվեց վիրուսի տարածման վրա գործնականում ազդեցություն չունեցող այդ պարտադրանքը: «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունն օրերս դարձյալ անդրադառնալով տվյալ խնդրին ու հիշեցնելով իր նախորդ կոչի մասին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սակայն, այսօրվանից առերեսվում ենք, թե ինչպես ողջամտությունը կրկին լքեց որոշում կայացնողներին:

Մնում է արձանագրել, երբ ինչ-որ մի պարտադրանք համարժեք գնահատական չի ստանում հանրության կողմից, վերադառնալու և ավելանալու են մարդկանց ազատ կամքին բռնացող ու ազատությունը անհիմն սահմանափակող այլ պարտադրանքներ, որոնց թույլատրելիության միջակայքը կախված է պարտադրանքի ենթարկվող հանրության հավաքական կեցվածքից»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան