22 տարի շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության՝ պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ 22 տարի առաջ այս օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդել է հայկական եկեղեցին։

«22 տարի առաջ, Աստծո ողորմությամբ և կամոք Ազգի, քրիստոնյա աշխարհի առաջին պաշտոնական՝ Արարատյան նախամեծար աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

22 տարի, հակառակ ներքին ու արտաքին բազմատեսակ փոթորիկների, Հայոց քաջ, բարի և իմաստուն Հայրապետը խաղաղությամբ և բազմարդյունությամբ առաջնորդեց Եկեղեցին Հայկական:

22 տարի Հայոց Վեհը Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ անշեղ հավատարմությամբ Իր երջանկահիշատակ Մեծ Հայրապետաց առաքելության, ճառագեց ու բաշխեց աստվածսիրություն, ազգասիրություն, հայրենասիրություն:

22 տարի՝ շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության, պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի:

Թող Ամենատես և Ամենակալ Աստված միշտ զորավիգ լինի Ազգիս Վեհափառ Հայրապետին՝ պարգևելով արևշատ երկար տարիներ, որպեսզի շարունակի կյանքի կոչել Իր երազներն ու տեսիլքներն ի շինություն մերազնյա հոգևոր կյանքի, ի զորացումն հավիտենական Հայաստանի», – գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։