«Գառնի- Երևան» ջրատարի վրա աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի. «Վեոլիա ջուր»

«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքները, որի պատճառով 24 ժամով դադարեցվել է Երևանի մի քանի վարչական շրջանների և Արարատի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, ընթանում են ըստ ժամանակացույցի:

«Վեոլիա ջուր»-ից  հայտնում են, որ հիմնական խնդիրը Նուբարաշենից ոչ հեռու ջրատարի 60 մետրանոց վթարային վիճակում գտնվող հատվածի փոխարինումն է նոր խողովակաշարով: Իսկ վթարայնության պատճառը ըստ «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Մխիթար Գալստյանի՝ տեղի աղակալած հողերն են, որոնք շատ արագ քայքայում են մետաղը:

Օգտվելով ջրատարի կանգառից, «Շենգավիթ» շահագործման տեղամասն իր հերթին ձեռնամուխ է եղել մեկ այլ շատ կարևոր ծրագրի իրականացման:

Արցախի 4-րդ նրբանցքի և Թեյշեբաինի փողոցների խաչմերուկի հանգույցում ապամոնտաժում է վթարված 400 միլիմետրանոց կարգավորիչը, փոխարեն տեղադրելով հետադարձ փական:

Ըստ տեղամասի պետ Արսեն Բուդաղյանի՝ դա հնարավորություն կտա Շենգավիթի և Էրեբունու սպառողներին հաղորդակից անոթների սկզբունքով ջուր մատակարարել «Մսի կոմբինատ» կամ «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարներից /ՕԿՋ/՝ ըստ անհրաժեշտության:

Միաժամանակ, շահագործումից հանվում է «Մսի կոմբինատ» – Երևանի ՋԷԿ» 1000 մետր երկարությամբ խոշոր ջրատարը, որի անհրաժեշտությունն այլևս չկա, իսկ դրանից օգտվող բաժանորդների անհատական ջրագծերը միացվում են զուգահեռ ձգվող 1200մմ տրամագծով խոշոր ջրատարին:

Ամեն ինչ արվում է աշխատանքները նշված ժամկետներում ավարտելու համար, որի արդյունքում Շենգավիթի և Էրեբունու ջրամատակարարումն էլ ավելի կբարելավվի: