Չի կարելի աշխարհի հետ խոսել այնպես, ինչպես դու խոսում ես քո միտինգի ժամանակ․ Արտակ Զաքարյան

«Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը․ հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանը Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմի սկսման նախադրյալներին ու պատճառներին՝ հիշեցնելով մի շարք առանցքային դրվագներ, որոնք հետագայում վճռորոշ ազդեցություն ունեցան։

Նրա խոսքով՝ դրանցից մեկը Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեում կայացած հայտնի հանդիպումից հետո սահմանին կրակոցների առժամանակյա դադարն էր կամ նվազումը։

«Որևէ մեկի մոտ հարց չառաջացա՞վ՝ որն էր դրա գինը։ Արդյո՞ք Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունները նաև նրանով չէին պայմանավորված, թե եկեք, դեռ մի կրակեք, հետո կնստենք, կքննարկենք, թող մեզ ժողովուրդն էլ տեսնի, մենք էլ գնալու ենք ընտրության, բացարձակ մեծամասնություն լինենք, հետո ինչպես ուզենանք, առանց խորհրդարանական նորմալ ընդդիմության, առանց զսպումների մեխանիզմի կանենք, ովքեր էլ մեզ կընդդիմանան, նրանց անունը կդնենք թալանչի, կողոպտիչ, հասարակությունն էլ կասի՝ ինչ ուզում եք արեք», – ասաց Զաքարյանը։

Նա հիշեցրեց նաև բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին Փաշինյանի հայտնած դիրքորոշումն այն պարագայում, երբ աշխարհն առաջնորդվում է եղած պայմանավորվածությունների հիմքով։

«Պատկերացրեք՝ նույն ՌԴ-ն որքան դիվանագիտական և քաղաքական ջանք է տարիներով դրել ԼՂ խնդրի կարգավորման վրա։ Նույնը ԱՄՆ-ը՝ տարիներով։ Հազարավոր պայմանավորվածություններ, հազարավոր հավասարակշռումներ, բալանսներ։ Նույնը ԵՄ-ը՝ ի դեմս Ֆրանսիայի՝ տարիներով, հազարավոր քաղաքական գործընթացներով։ Իսկ սրանց թվում է, թե սա իրենց խմբագրության հերթական հոդվածը հետ ու առաջ անելն է՝ առանց հասկանալու, որ գործ ունեն աշխարհի հետ, որը կատակներ, առավել ևս, «կապրիզներ» չի սիրում, և չի կարելի աշխարհի հետ խոսել այնպես, ինչպես դու խոսում ես քո միտինգի ժամանակ», – շեշտեց Զաքարյանը։