Վաղաժամ է խոսել դեմարկացիայի բանակցությունների մասին․ ԱԳ փոխնախարար

Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, պատասխանելով հարցին՝ Հայաստանն ունի՞ որոշում, թե որ քարտեզներն են իր համար շահեկան, որպեսզի դեմարկացիայի բանակցության ժամանակ պնդի՝ մենք առաջնորդվելու ենք այդ քարտեզով։

«Հարցը մի փոքր վաղաժամ է։ Որպեսզի մենք խոսենք դեմարկացիայի բանակցությունների մասին, պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ: Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, մենք այդ հարցերին կանդրադառնանք»,- պատասխանեց Վահե Գևորգյանը։

Նա նաև նշեց, որ հրապարակային դաշտում քարտեզների, դեմարկացիայի այլ գործիքակազմի մասին խոսելու ժամանակը կգա, երբ կլինեն բանակցություններ: ԱԳ փոխնախարարը նաև հավելեց, որ ներքին քննարկումների ընթացքում ընդհանուր մոտեցումներ ձևավորում են, բայց այս պարագայում հանդես գալ գործիքակազմի վերաբերյալ, երբ չկան բանակցություններ, վաղաժամ է։