Կառավարությունը մարզերին 532 մլն դրամ հատկացրեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 24 համայնքներից ստացված 27 սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են, ընդհանուր գումարը կազմում է 1,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի  ֆինանսավորումը 532 մլն դրամ է: Այսպիսով կարիք է առաջացել պետական բյուջեից հատկացնել 532 մլն դրամ:

Ըստ նախարարի ներկայացման՝ ծրագրերից 5-ը 2020 թվականին է հաստատվել, 22-ը՝ 2021 թվականին:

«Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 մլն դրամ շինարարական ընկերություններին ֆինանսավորելու համար»,- ասաց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 27.9 մլն դրամ,  Արարատին՝ 34 մլն, Արմավիրին՝ 25 մլն,  Գեղարքունիքին՝ 112 մլն, Լոռու մարզպետարանին՝ 102 մլն, Կոտայքին՝ 28 մլն, Շիրակին՝ 30 մլն, Վայեց Ձորին՝ 38 մլն և  Տավուշի մարզպետարանին՝ 132 մլն դրամ: