Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում․ Արարատ Միրզոյան

Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել:

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։

Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում»,-ասել է նա։