20 և ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան չունի սեփական բնակարան․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ զինծառայողների անվճար բուժօգնության և  զինվորականների բնակարանային հարցերը գլխավոր խնդիրներից են: Այս մասին նա ասաց այսօր Ազգային ժողովում։

«Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պետք է զարգանա դինամիկ ու ուժեղացնի ազդեցությունը, ինչ մենք անում ենք Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությոան հարցերում»,- ասաց նա:

Թաթոյանի խոսքով՝ զինծառայողների անվճար բուժօգնության հարցերը գլխավոր ոլորտներից է:

«Ես խնդրում եմ ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը կամ այս ոլորտում հետևողականությունը անվճար բուժօգնության հետ կապված այն զինծառայողների նկատմամբ, որոնք զորակոչից ազատվել կամ զորացրվել են, բայց, քանի որ ունեցել են հիվանդություն, չեն վիրահատվել ու խնդիրներ են ունենում», – ասաց ՄԻՊ-ը:

Նա պնդեց՝ պետք է նախապես զորակոչիկին հետազոտել, առողջական վիճակի հարցերը պարզել, նոր զորակոչել բանակ:

Թաթոյանն ասաց, թե վերջին տարիներին զգալիորեն բարելավել է զորակոչի կազմակերպման հետ կապված հարցերը:

«Պաշտպանության նախարարության հետ կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը», – նշեց նա:

Արման Թաթոյանի կարծիքով՝ առաջնային խնդիրներից է մնում զինվորականների բնակարանային հարցը:

«Ստացվել է այնպես, որ 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան, այլ բնակվում է վարձակալությամբ ու բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին», – ասաց նա: