Արմեն Չարչյանը կալանավորված է, իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել. Վարդևանյան

2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դատարաններին ներկայացվել են 1700-ի հասնող  կալանավորման միջնորդություններ, դրանցից  մերժվել է միայն  291-ը. երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս տեղեկությունն ստացել են Դատական դեպարտամենտից:

Նա հայտարարեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:

Նա ասաց, որ երբ խոսում են ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդիկ 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում: Ա. Վարդևանյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե մեղավոր անձանց մասին է, այլ անմեղ անձանց, որոնց  վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա:

Նա անհասկանալի է համարում այն մոտեցումը, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, մեկ այլ  դեպքում  մարդիկ հետևողականորեն լինում են կալանավորված. «Անկախ անձը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, կալանավորումը չպետք է ֆետիշացվի: Հենց գրավ կիրառելն է նորմալ, ոչ կալանավորումը»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նա նաև համեմատություն անցկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատ արձակելու և դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, որն անձեռնմխելիությամբ է օժտված, Արմեն Չարչյանին գրավով չազատելու մեջ. «Արմեն Չարչյանն ունի անբասիր հեղինակություն, նախկինում երբևէ չարատավորված: Արմեն Չարչյանը կալանավորված է, չնայած առողջական խնդիրներին, իսկ մյուս դեպքով անձը ազատ է արձակվել:

Դրանից բացի՝ գործը նախաքննության փուլում է, դատախազությունը նիստերին միշտ ասում է, որ կարևոր է մարդը նախաքննության փուլում կալանավորված լինի, ակտիվ քննության փուլ է, մինչդեռ Արմեն Չարչյանի դեպքում գործը դատաքննության փուլում է, բոլոր ակտիվ գործությունները կատարվել են»,- ասաց պատգամավորը:

Նրա գնահատմամբ, աբսուրդ է, որ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը դեռ մինչ օրս կալանավորված են, երբ կարելի է գրավ կիրառել: