Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերի՞ք չի ձեր վախերը ցուցադրեք

Այդ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիսից հետո առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին։ «Ընդհանրապես իրեն ո՞վ է իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել, դա բացահայտ ոտնձգություն է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ։ Ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,– ասաց նա և նշեց, որ Ազգային անվտանգության հետ չի կարելի շփոթել նրա հայտարարությունները, և այդ մարդու արարքները ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեն։

«Այդ պաշտոնատար անձն այն անձը չէ, որ ժամանակ հատկացնեի, մանրամասն անդրադառնայի, բայց համակարգային խնդիր կա, հետևողական աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով՝ վարկաբեկելու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը»,–ասաց նա։

Արման Թաթոյանն ասաց, որ ԱԽ քարտուղարի հայտարարություններում երկու հիմնական թեզ կա, այն է՝ կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի անաչառությունը և քաղաքական հայտարարություններ է անում։ Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ ՀՀ ՄԻՊ–ը առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման համար։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբալակել էին,  ինքն այցելել էր, պահանջել իրավունքների խախտումների քննություն իրականացնել։ «Ամենամեծ հանրահավաքների ժամանակ ՄԻՊ-ին անաչառ աշխատանքի համար շնորհակալություն էին հայտնում առաջնորդները, ինչի համար իրենց շնորհակալ եմ և հպարտ եմ մեր աշխատանքի համար։ Այդ ժամանակ, քանի որ իր իրավունքների համար էի աշխատում, ես շատ անաչառ էի, իսկ հիմա, երբ պաշտոնյա են դարձել,  էլ անաչա՞ռ չեմ»,–ասաց նա և նշեց, որ այսօր էլ, 2018 թվականին էլ նույն խնդիրներն են, և ոչինչ չի փոխվել։

«Ինչպե՞ս է նա համարձակվում վարկաբեկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Ասում է, թե սահմանային հարցերում քաղաքական է։ Տո ես ինչքան ասեմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, հերիք չի՞ ձեր վախերը ցուցադրեք։ Կարծում եք՝ այսքան արած-դրածը, այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, այդպես թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն»,- ասաց Թաթոյանը։ Նա հայտարարեց, թե սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել։
Արման Թաթոյանը համոզմունք հայտնեց, որ ԱԽՔ-ը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիները այսպես ամրացել են մեր ճանապարհներին, և նրա հայտարարությունները մանիպուլիատիվ են։