ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրություններում որոշակի տարբերություն կա Լավրով-Բայրամով հանդիպման վերաբերյալ

Նոյեմբերի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Նշվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մոտալուտ մեկամյակը:

«Դիրքորոշումների հստակեցում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։ Լավրովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը: Նախարարները գոհունակությամբ նշել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մինչդեռ ադրբեջանական կողմի հաղորդագրությունում ասվում է, որ Լավրովն ու Բայրամովը նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, կարևորել են «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի մշակումը։ Այս հատվածը ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում բացակայում է: