ԱԺ մշտական հանձնաժողովը 10-րդ անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին:

Մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է:

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ «այսպես կոչված» հոբելյանական՝ տասներորդ ընտրությանը նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը գոնե պետք է ներկա լիներ:

Մշտական հանձնաժողովի նախագահը հորդորել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ներկայացնել նոր թեկնածուի: Խնդիրն առաջիկայում լուծում կգտնի օրենսդրական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին: