ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացնի խաղաղապահների զորավարժություններ

Նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2021» խաղաղապահ զորավարժությունները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին հայտնել են Համատեղ զորավարժությունների մամուլի կենտրոնում։

Նշվում է, որ Կազանի զորավարժարանում ՀԱՊԿ զորքերի խմբավորումը (Հավաքական ուժեր) կմշակի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրները։

Նրանք պարզաբանել են, որ հիմնական խնդիրները լինելու է ՀԱՊԿ Հավաքական ուժերի հրամանատարության և վերահսկման մարմինների հմտությունների կատարելագործումը զորքերի կազմակերպման և ղեկավարման գործում։ Նախատեսվում է նաև բարելավել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող զորամասերի և ստորաբաժանումների համախմբվածությունը։

Գործնական վարժանքներում խաղաղապահ ուժերը կիրականացնեն գործողություններ բլոկխոստում, առաջադրանքներ փախստականների ճամբարում, մարդասիրական պարագաներով շարասյունների ուղեկցում, բնակավայրերի արգելափակում, «գրոհայինների» կողմից գրավված շենք գրոհելու, ինչպես նաև «պատանդների» ազատ արձակում, տուժածներին օգնության տրամադրում։

Զորավարժություններին կներգրավվեն կազմակերպության երկրների ռազմական կոնտինգենտները, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության օպերատիվ խմբերը, ներքին գործերի մարմինները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Զորավարժությունների եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։