Վրաստանում կանխվել է պետական հեղաշրջման փորձը

Մի խումբ անձինք նախատեսում են կանխել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու տեղափոխումը այլ բանտ կամ հիվանդանոց և իրականացնել հակապետական գործողություններ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ Բաչա Մգելաձեն. հայտնում է «Sputnik Georgia»-ն։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանության հակառակորդները մտադիր էին քաոս և անվերահսկելի իրավիճակ ստեղծել նախկին առաջնորդին բանտից Ռուսթավի տեղափոխելու ժամանակ՝ պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով։ Որպես ապացույց՝ Մգելաձեն մեջբերել է Թբիլիսիի նախագահական գրադարանում արված` երկու ժամ տևողությամբ ձայնագրության մի մասը։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժման» անդամներ Բեսո Ծերեդիանին և այլ համախոհներ քննարկում են քաղաքական գործչին բանտային կլինիկա տեղափոխելիս ճանապարհները փակելու ծրագիրը։ Մգելաձեի խոսքով` հարձակվողների դեմ արդեն քրեական գործ է հարուցվել` սահմանադրական կարգը բռնի փոխելու դավադրության հոդվածով։

Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ ութ տարվա արտագաղթից հետո Վրաստան վերադառնալուց հետո։ Նա մի քանի քրեական գործերով հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Բանտում նախկին նախագահը հացադուլ է հայտարարել, որից հետո բժիշկները խորհուրդ են տվել նրան տեղափոխել կլինիկա։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով բանտարկյալի հացադուլը, ասել է, որ Սահակաշվիլին դիմակահանդես և թատրոն է բեմադրել՝ բանտից դուրս գալու և սադրանքներ անելու համար։