Վերջապես հասել եմ տուն․ Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը, որն ԱՄՆ-ում դատապարտված է եղել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու համար, հայտնել է, որ վերադարձել է Հայաստան: Այս մասին հայտնում է Asbarez News-ը՝ ներկայացնելով նրա հաղորդագրությունը:

«Սիրելի հայրենակիցներ,

Ամենայն ուրախութեամբ գրում եմ Ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ հայրենի հողի վրա լինելու, խմել հայրենի ջուրը, շնչել օդը և զգալ ընտանեկան ջերմությունը։

Ձեր ցուցաբերած աջակցությունը տարիների ընթացքում մշտապես քաջալերել է ինձ և դրական ներդրում է ունեցել իմ դժվար օրերում։

Խորին շնորհակալություն կուզեմ հայտնել բոլոր նրանց, որոնք գրել են, այցելել են և միշտ պահել են ինձ իրենց սրտերում։ Վերջապես հասել եմ տուն»,- գրել է Սասունյանը։

Հիշեցնենք, որ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին և վաղաժամկետ ազատ է արձակվել 2019 թվականի դեկտեմբերի 29-ին: