Հոկտեմբերի 19-ին ես այն տպավորությունն եմ ստացել, որ այս մարդն ընդունել է, որ մենք պարտվել ենք․ Էդուարդ Շարմազանով

Ես որպես ՀՀԿ ներկայացուցիչ, 2020-ի հոկտեմբերի 12-ին և 19-ին կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. Դավաճանությո՞ւն, թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով,  նպատակը եղել է ոչ թե մասնակցել ու ֆոն ապահովել իշխանության ղեկին կանգնած մարդու թվացյալ հնարքների համար, այլ փորձել այդ պահին հնարավորինս օգտակար լինել պետությանն ու բանակին:

«Հոկտեմբերի 12-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը: Ասաց, որ Թալիշը տված է, Մատաղիսի համար մարտեր են գնում: Ջաբրայիլը տրված է, Հադրութի համար մարտեր են գնում, չնայած մենք ունեինք տեղեկություն, որ Հադրութն արդեն գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության տակ: Այդ օրն արդեն երևում էր, որ մենք գնում ենք ոչ թե հաղթանակի այլ, պարտության: Ինքն ասում էր, որ վատ է վիճակը:

Այդ պահին ես հանդես եկա հայտարարությամբ, ներկայացրի ՀՀԿ գնահատականը, ըստ որի՝ այս պատերազմին հանգեցրել է այս իշխանության կոպիտ սխալները: Նշել եմ, որ չի կարելի այս օրհասական պահին զբաղվել դավաճանների փնտրտուքով: Միաժամանակ նշել եմ, որ չնայած այդ ամենին, ՀՀԿ-ն պատրաստ է իր ծառայությունը մատուցել հայրենիքին, որտեղ գտնեք դրա անհրաժեշտությունը»,-ասաց նա:

Շարմազանովը հավելեց, որ ինքն առաջարկել է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի Ռուսաստանին, եթե պետք է խնդրի, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը կանգնեցնելու համար. «Հավելել եմ, որ եթե այսօր չընդունենք այսօր սեղանին դրված առաջարկները, հնարավորությունը շատ մեծ է և ռեալ է, որ 1-2 օր հետո ունենանք ավելի մեծ տարածքային ու մարդկային կորուստներ: Նրկոլ Փաշինյանի կողմից ոչ մի բացասական արձագանք չի եղել:

Հոկտեմբերի 19-ին եղավ երկրորդ հանդիպումը: Մենք առաջարկել էինք, որ ստեղծվի շտաբ, որպեսզի երկրի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԱԳ նախկին նախարարները, ԳՇ նախկին պետերը միասնական փորձեն այս իրավիճակից դուրս գալ: Նիկոլ Փաշինյանը եկավ, բավականին ծանր հոգեբանական վիճակում էր, ես երբեք նախկինում նրան այդ վիճակում չէի տեսել: Ինքն ասաց, որ Պուտինից կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը: Ներկայացրեց իրավիճակը, ինքն ընդունում էր, որ դա պարտություն է: Տարբեր շշուկներ կային, որ մինչ այդ էլ եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ ու ավելի լավ պայմաններով: Ի սկզբանե ինքն ասաց, որ դա 5+2 է՝ Լավրովյան պլան կամ դրա մոդիֆիկացված տարբերակը: 5+2-ի մեջ Հադրութն ու Շուշին չեն մտնում:

Հոկտեմբերի 19-ին ես այն տպավորությունն եմ ստացել, որ այս մարդն ընդունել է, որ մենք պարտվել ենք: Ու եթե հոկտեմբերի 19-ին քեզ առաջարկվում է 5+2-ով պատերազմը կանգնեցնել, դու դա չես անում: Եթե գիտեիր, որ որևէ ռեզերվ չունես հաղթելու, ինչու դրան չէիր համաձայնում»,-ասաց Շարմազանովը: