LIVEnews.am-ը դարձել է Ստյոպա Սաֆարյանի մղձավանջը, դատարանի որոշումը կանգնել է պարոնի կոկորդին

Ոմն Ստյոպա Սաֆարյան, որը ներկայանում է իբրև Հայաստանում ժողովրդավարության սերմանման ու տարածման ջատագով ու մարդու իրավունքների պաշտպան, բայց էքստազի հասնող հաճույք է ստանում հատկապես հայ կանանց վիրավորելով ու զրպարտանքի միջոցով վարկաբեկելով, որը մինչև այս տարվա խորհրդարանական ընտրությունները Հանրային խորհրդի անհաջող նախագահ էր, չի պատկերացնում իր կյանքը առանց LIVEnews.am կայքի մասին վարկաբեկիչ հայտարարություններ անելու՝ անձնական ոխերիմ թշնամանք ունենալով կայքի աշխատողների նկատմամբ։ Դրա մասին են փաստում կայքի լրագրողների հասցեին նրա վարկաբեկիչ, վիրավորական ֆեյսբուքյան գրառումները (նկատենք՝ նորից կանայք են։ Այդ մարդու ուժը միայն կանանց է պատում կամ գուցե կանանց հետ անձնական հաշվեհարդարի խնդի՞ր ունի)։ Իսկ երկու տարի առաջ էլ սույն անձը վիրավորել էր կայքի լրագրող Թագուհի Ասլանյանին, երբ նա իր մասնագիտական պարտականություններն էր իրացնում մեծարգո պարոնի ղեկավարած կառույցի տարածքում, որից հետո էլ սեփական ֆեյսբուքյան տիրույթում լկտի, սանձարձակ վիրավորական արտահայտություններ էր գրել լրագրողի մասին՝ մտածելով, թե ինչպես միշտ, այս անգամ էլ նրա վարքագիծը կհանդուրժեն՝ որպես անմեղսունակի։ Սակայն Թագուհի Ասլանյանը դիմեց դատարան՝ արժանապատվությունը վիրավորելու մասին հայցով և երեք ատյաններում էլ դատարանը դատապարտեց Սաֆարյանին՝ հօգուտ հայցվորի որոշում կայացնելով ու Սաֆարյանին 600 հազար դրամի տուգանքի դատապարտելով։ Փոխհատուցումից բացի՝ դատարանի որոշմամբ, ժողովրդավարության սույն մոլեռանդ պաշտպանը պետք է նաև ներողություն խնդրի տիկնոջից անհարկի վիրավորանքների համար։ Եվ ահա դատարանի որոշումները իսկական մղձավանջ են դարձել Սաֆարյանի համար, քանի որ նա խոշորացույցի տակ պահելով Թագուհի Ասլանյանի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև LIVEnews.am կայքի հրապարակումները՝ ջանք ու եռանդ չի խնայում դատարան հայց ներկայացնելու համար պատրվակներ գտնելու։ Հետն էլ աղաղակում է (բնականաբար նորից իր ֆեյսբուքյան էջում՝ երկրպագուների շրջանում, քանի որ այլ տեղ նրան պարզապես ուշադրություն դարձնող չկա), թե դատարանները վաճառված են, կաշառված, և իր դեմ երեք ատյանների մակարդակով անարդարացի, կողմնակալ որոշում է կայացվել։ Վառ երևակայության տեր այս անձը այնքան է մոլորվել իր վերլուծություններում, որ պնդումներ է անում, թե իբրև դատական հայցի վերաբերյալ որոշումները երեք ատյանների դատարաններում անձամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ուղղորդել։ Նման հանճարեղ հետևության է եկել նա այն բանից, որ Թագուհի Ասլանյանի հայցն առաջին ատյանի դատարանում քննում էր դատավոր Զարուհի Նախշքարյանը, որը Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպան, արդեն լուսահոգի Ռուբեն Սահակյանի հոգեզավակն է։ Իսկ թե Թագուհի Ասլանյանն ի՞նչ կապ ունի երկրորդ նախագահի հետ, Երբեմնի ՀԽ նախագահը դեռ այդ կապը չի գտել, բայց դա իրեն չի անհանգստացնում։ Ճիշտ նույն տրամաբանությամբ նա մեղադրում էր ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանին՝ Թագուհի Ասլանյանի հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու և ՀԽ-ում Սաֆարյանի դեմ քննադատող որոշում կայացնելու համար։

Եվ ահա Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ իր երևակայությունը լարելով` իր էջում նոր անդրադարձ է կատարել LIVEnews.am կայքին՝ զրպարտելով, թե կայքում հետևողականորեն հակապատվաստումային քարոզչություն է իրականացվում։ «Հետևողականորեն հակապատվաստումային քարոզ է տարվում այս կայքով, սույն անձի կողմից։ Թողեք թող մահերը շատացնեն, մի թթու խոսք չասեք, իմ հայցերով էլ դատերը մի նշանակեք (տիկնոջ դեմ հայցիս հիման վրա մինչև օրս նախնական նիստ էլ նշանակված չէ), թողեք թող ավերածությունները կատարյալ լինի»,-գրել է հայերենի իմացությունից, ըստ այս գրառումի, ակնհայտ կաղացող անձը՝ գրառման տակ հրապարակելով Թագուհի Ասլանյանի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի սքրինը, այն հաղորդաշարի, որի ժամանակ հյուրերը խոսել են պատվաստումների պարտադրանքի դեմ՝ միաժամանակ ներկայացնելով պատվաստումների վերաբերյալ միջազգային կարծիքներն ու վիճակագրական տվյալներ։ Եվ այս մեկ հաղորդումից եզրակացրել է, թե կայքը հետևողականորեն և միտումնավոր հակապատվաստումային քարոզ է իրականացնում՝ նպաստելով երկրում մահերի ավելացմանը։ Պարոնը ոչ մի անդրադարձ չէր կատարել, օրինակ, ՀՀ նախագահի մոտ նախարարների փարթիին, որտեղ միայն մեկ հոգի էր դիմակով, չի գրել սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարության կազմակերպչի անհեռատես քայլի մասին, որը շատ հավանական է՝ իր հերթին նպաստեց երկրում հիվանդացության աճին։ Մինչդեռ հենց երեկ LIVEnews.am-ի հաղորդավար Լուսինե Հայրապետյանի «Դիտակետ» հաղորդման եթերից կայքի համակարգող, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բառացի հայտարարեց, որ ինքը պատվաստմանը դեմ չէ, մարդիկ իրոք պետք է գնան պատվաստվեն։ «Ես հաստատ գիտեմ, որ ռուսական Սպուտնիկ ՎԻ-ն որևէ վտանգ չի ներկայացնում։ Ճիշտ է, կան դեպքեր, երբ պատվաստված մարդիկ նորից հիվանդանում և մահանում են, բայց պատվաստման հետ կապված մենք պետք է ավելի շատ լոյալ լինենք։ Արդեն տարուց ավելի է՝ պատվաստանյութերը կիրառության մեջ են, հավատացեք՝ դրանց դրական և բացասական ազդեցությունները հայտնի են, և պետք չէ մենք այլ տեսություններ զարգացնենք։ Մարդիկ շատ պարզ են ասում՝ վակցինացիան եթե անգամ բացասական հետևանքներ է թողնում, շատ արագ բացահայտվել են և արգելվել, դրանք մի բերեք»։ Հաղորդման հղումը։ Գառնիկ Իսագուլյանի խոսքից ակնհայտ է, որ նա անվտանգ պատվաստման հորդոր է անում։ Իսկ կայքը պատրաստակամ է ողջամիտ կարծիքներ ներկայացնելու այս կամ այն թեմայի մասին, բազմակողմանի քննարկում կազմակերպելու, ուստի մեր եթերներում կարող են տարաբնույթ հաղորդումներ լինել՝ ապահովելով բազմակողմանիություն ու հանրության՝ տեղակացված լինելու իրավունքը իրացնելով։ Իսկ ինչ վերաբերում է բռնի, պարտադրված պատվաստումներին, ապա, կարծում ենք, որ Հայաստանում ժողովրդավարության հայրերից Ստյոպա Սաֆարյանն ինքն էլ պետք է դեմ լիներ մարդու կամքի վրա բռնանալուն։ Բայց ոչ, ինչպե՞ս նա կարող էր առիթը բաց թողնել և զերծ մնալ հերթական անգամ այդ կայքի դեմ «գործ տալու» գայթակղությունից ՝ իր ձեռագրին համապատասխան՝ մանիպուլացնելով, զրպարտելով ու ստելով։

Աննա Հակոբյան