Ո՞նց է լինում, որ մի հարցում վիրտուոզ աշխատանք է, մյուս հարցերում տապալումներ են․ Կարեն Վրթանեսյան

Մարդկանց գիտակցության մեջ մի միֆ է ստեղծվել, որ իբր 1991-93 թվականներին մենք ունեինք հզորագույն, արդեն կազմավորված բանակ, պետություն, իսկ դրանից հետո ինչ-որ մարդիկ այդ ամենը թալանել են, մինչդեռ ում մեղադրում են թալանելու մեջ, իրականում հենց նրանք են զրոյից կազմավորել բանակը, նրանք են բանակի հիմնադիրները։ Այս մասին «Կորսված հայրենիք, դավաճանությո՞ւն, թե անգրագիտություն» խորագրով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի, այլ հարց էր`կգնա՞ր այդ քայլին, թե ոչ, իսկ դա կախված էր մեզնից։ Եթե իմանային, որ այդ պատերազմը չեն մարսի, բնականաբար, չէին սկսի»,- նշեց Վրթանեսյանը՝ հավելելով, որ 2018-ի ապրիլ-մայիսին անկայուն, քաոսային իրավիճակ էր ստեղծվել երկրում, բայց Ադրբեջանը բացի Նախիջևանում բարձունք գրավելուց, այլ լայնածավալ քայլերի չդիմեց։ Ակնհայտ էր, որ այդ ժամանակ լայնամասշտաբ պատերազմ սկսելու որոշում չունեին։

«Մենք «Ռազմինֆո»-ում ունեինք պատերազմի վտանգի ներքին սանդղակ։ Փաշինյանի վարչապետ դառնալուց օրեր անց մենք այդ սանդղակում ամենավտանգավոր վիճակն էինք նշել՝ կարմիր։ Ադրբեջանցիները Նախիջևանում քայլեր արեցին ու մնացին անպատիժ, երկու հայկական բարձունքի մեջտեղում մի այնպիսի դիրք գրավեցին, որ միջին դիմադրության դեպքում անգամ չէին կարող։ Դա հնարավոր էր միայն քաոսի պայմաններում, որ Հայաստանում էր տիրում, պետական կառույցները չէին աշխատում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ պայմաններում որևէ այլ գործողության ադրբեջանցիները չդիմեցին։

Փորձագետի խոսքով, նրանք այդ ժամանակ կողքից նայում էին ու իրենց համար եզրակացություններ անում, քանի որ իրենք էլ լավ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում։

«Ինձ թվում է՝ նրանք թև առան Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Իլհամ Ալիևը, որ տարիներ շարունակ եփված էր միջազգային հարթակներում, մի քանի նախադասություն փոխանակելուց հետո, հասկացավ, թե ում հետ գործ ունի։ Ես չեմ կարող ասել, այնտեղ գաղտնի բան պայմանավորվել են, թե չէ, բայց մենք հասկանում ենք, որ հրադադարի խիստ պարտադրած պայմանավորվածությունն Ադրբեջանն օգտագործելու է իր սահմանների ամրապնդման համար։ Եվ հենց այդպես էլ եղավ»,-ասաց Վրթանեսյանը։

Նա նշեց, որ մի քանի ամիս ադրբեջանցիներն ակտիվ ամրաշինական աշխատանքներ էին իրականացնում, ինչը նախկինում չէին կարող մի պարզ պատճառով, նրանց տեխնիկային կխփեին։ Մինչդեռ հայկական կողմից ակտիվ աշխատանքներ չեղան։

Վրթանեսյանը խոսեց նաև Ադրբեջանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված զինված ուժերը սահմանապահ զորքով փոխարինելու և որպես ռեզերվ ազատելու մասին, ինչը ՀԱՊԿ-ը դիտարկել էր ռիսկ դեռ 2020 թվականի սեպտեմբերին։

«Իմ կարծիքով, Ադրբեջանում պատերազմի որոշումը կայացվել է աստիճանաբար։ Դրան եկել են՝ տեսնելով Հայաստանի պետական կառավարման համակարգում իրավիճակը, տեսնելով, թե ինչպես է այդ համակարգն արձագանքում այս կամ այն ճգնաժամերին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ ընթացքում բանակում սկսել էին կադրային փոփոխություններ։

Երկուսուկես տարում ԶՈՒ ԳՇ պետը փոխվել էր երեք անգամ, Արցախի ՊԲ հրամանատարը՝ երեք անգամ, փոխվել էին բանակային կորպուսների հրամանատարները։

«Նախորդ իշխանությունները մտածված կերպով ՊԲ հրամանատար նշանակելուց առաջ այնպես էին անում, որ մարդը ճանաչեր ամբողջ զինված ուժերի համակարգը, այդպես է եղել թե Լևոն Մնացակայանի, թե Կարեն Աբրահամյանի դեպքում։ ՊԲ վերջին հրամանատարն այդ ռոտացիան չէր անցել ու նա չպետք է նշանակվեր այդ պաշտոնին, նա այդ պահի լավագույն թեկնածուն չէր։ Իսկ Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ քանդվում է պաշտպանական համակարգը»,-նշեց նա։

Վրթանեսյանը որպես Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու որոշմանն օգնած գործոն գնահատեց կառավարության նաև այն նիստը, որտեղ քննարկվում էր քովիդի համավարակի դեմ պայքարը, որտեղ մի ստորակետի շուրջ համաձայնության գալ չէր ստացվում, որտեղ հրապարակվեցին գաղտնի տվյալներ ռազմավարական պաշարների մասին։

«Դու Ադրբեջանում որոշում կայացնող ես ու տեսնում ես, որ պետական համակարգում նման իրավիճակ է։ Իսկ պատերազմը ոչ թե բանակների, այլ պետական կառավարման համակարգերի բախում է։ Այս իրավիճակում ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի համար ստեղծվեց հնարավորությունների պատուհան, կողքից կար Թուրքիայի շահը։ Ադրբեջանն այդ ավանտյուրային գնաց՝ տեսնելով Հայաստանի պետական կառավարման համակարգի վիճակը»,-ասաց նա։

«Ռազմինֆո»-ի համակարգողը հիշեցրեց, որ սեպտեմբերի 22-ին կայքում հրապարակվեց նյութ, որտեղ փաստարկված նշվում էր՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության։

«Դա ակնհայտ էր։ Մարդիկ արդեն հասկանում էին, որ դա օրերի հարց էր։ Մի շատ պարզ բան, պատերազմից հնարավոր էր խուսափել։ Ես պնդում եմ, նույնիսկ պետական կառավարման, պաշտպանական ավերված համակարգերով սեպտեմբերի 25-ին, 27-ին, 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ, եթե նույնիսկ չհաղթելու, ապա ոչ ոքի անելու։ Իսկ գուցե նաև հաղթելու։ Նույնիսկ այդ խայտառակ կառավարման պայմաններում Ադրբեջանից պահանջվեց 44 օր՝ ինչ-որ բանի հասնելու համար։ Իրենք գործում էին վերջին ռեսուրսներով։ Ես ասում եմ՝ նախկինում եղել են սխալներ, բայց դրանից ոչ մեկը չի կանխորոշել պատերազմի սկիզբը, դրանցից ոչ մեկը չի կանխորոշել պարտությունը»,-ասաց նա։

Նրա խոսքով, պատերազմի պարտության մասին հարցերին պատասխան տալու համար պետք է լինեն քրեական գործեր, որոնք կպարզեն, պարտությունը դիտավորյա՞լ էր, թե անշնորհքության, անկազմակերպվածության հետևանք։

«Դա անհնարին է բացատրել զուտ ապուշությամբ, քանի որ այդ կարգի ապուշները չէին կարող իշխանությունը պահել։ Մենք շատ լավ տեսանք, թե ինչպիսի վճռականությամբ պայքարեցին իշխանության համար այն պայմաններում, որոնց դեպքում Չերչիլը չէր կարողանա իշխանությունը պահել։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանություն պահել, ո՞նց է լինում, որ մի հարցում վիրտուոզ աշխատանք է, մյուս հարցերում նման տապալումներ են։ Այս հարցերը պետք է բարձրացնեն իրավասու մարմիններն ու քրեական գործերում ներգրավվեն տարբեր խաղացողների»,-ասաց Վրթանեսյանը։